ԳլխավորԼուր

ԲՊՀ-ն կոչ է անում դադարեցնել ապակառուցողական գործընթացը

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

Հրապարակում ենք ԲՊՀ գիտական խորհրդի անդամների կողմից կազմված և ս. թ. հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած Գիտական խորհրդի ընդլայնված նիստի ավարտին ռեկտոր Կ․ Հարությունյանին ներկայացված հայտարարության տեքստը.

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (այսուհետ՝ ԲՊՀ) ուսանողները և աշխատակիցները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում ԲՊՀ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից երեք համալսարանները միավորելու մասին որոշման նախագիծը պատրաստվել է առանց ԲՊՀ ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս աշխատողների հետ քննարկման, նախագիծը չի տրամադրվել համալսարանին՝ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու նպատակով: ԲՊՀ-ն դրա մասին տեղեկացել է պատահաբար հոկտեմբերի 11-ին՝ ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Փաստորեն նախագիծը շրջանառվել է ԲՊՀ-ից գաղտնի կերպով: ԲՊՀ-ին նախագիծը տրամադրվել է միայն մեր կողմից հարցը բարձրացնելուց հետո՝ հոկտեմբերի 14-ին: Անընդունելի է հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարար Վ.Դումանյանի այն պնդումը, թե նա օգոստոսին միավորման մասին ասել է ԲՊՀ ռեկտորին. մի բան է ասել ընդհանուր մտադրությունների մասին, մեկ այլ բան՝ գործընթաց սկսելը: Նախարարը նույն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ բուհում բովանդակային առումով ամենակարևոր պաշտոնը ոչ թե ռեկտորինն է, այլ կրթություն տվող պրոֆեսորադասախոսական կազմինը, մինչդեռ խնդրո առարկայի վերաբերյալ ո՛չ պրոֆեսորադասախոսական կազմի, ո՛չ ուսանողության հետ որևէ հանդիպում չի ունեցել:

Նախարարությունն այդ գործողությամբ խախտել է պատշաճ վարչարարություն իրականացնելու սահմանադրական պահանջը, քանի որ չի ապահովել շահառուների լսված լինելու իրավունքը, ինչի արդյունքում ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ Մինչդեռ անհրաժեշտ էր ներկայացնել միավորման հստակ հիմնավորումը, կրթության որակի ու արդյունավետության բարձրացման մեխանիզմները, իրականացնել բուհերի կարիքների և առաջացող ռիսկերի գնահատումը։ Լիազոր մարմինը և հիմնադիրը չեն պահպանել նաև համաչափության սահմանադրական սկզբունքի երեք տարրերը՝ պիտանիությունը, անհրաժեշտությունը և չափավորությունը:

ԲՊՀ-ն այլ բուհի հետ միավորելը բարոյական առումով նույնպես ունի մի շարք խոցելի կետեր: ԲՊՀ-ն ՀՀ-ում միակ բուհն է, որ ուսուցանում է շուրջ քսան օտար լեզու, վերջին 5 տարում գրանցել է ընդունելության ցուցանիշի մոտ 3,5 անգամ աճ և ուսանողների թվաքանակի մոտ 60% աճ, ապահովել է իր եկամուտների մոտ 50% աճ,  հանրապետության բուհերի շարքում երրորդն է առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության ցուցանիշով, շարունակաբար իրականացնում է նորարարական ծրագրեր՝ ներդնելով մի շարք արդիական ու պետության համար հույժ կարևոր մասնագիտություններ: ԲՊՀ-ն հետևողական աշխատանքի շնորհիվ աննախադեպ ընդլայնել է միջազգային կապերը. համագործակցում է շուրջ 120 համալսարանների հետ՝ աշխարհի մոտ 30 երկրներից, այդ թվում՝ աշխարհահռչակ համալսարանների։ ԲՊՀ-ին հաջողվել է շուրջ 90 տարվա գործունեության ընթացքում ոչ միայն վաթսուն հազար շրջանավարտների, այլև հանրության շրջանում ձևավորել մի շարք ուղղություններում լավագույն բուհի համբավ, որի շրջանավարտների շուրջ 90 տոկոսը աշխատում է իր մասնագիտությամբ: Արդյոք արդարացի՞ է պատմության գիրկն ուղարկել նման հեղինակություն վայելող և առաջատար դիրք գրավող համալսարանը:

ԲՊՀ-ի գիտական խորհուրդը կոչ է անում կառավարությանը՝ դադարեցնել այս ապակառուցողական գործընթացը: Մենք պատրաստ ենք Նախարարության հետ քննարկելու մեր համալսարանի զարգացմանը վերաբերող բոլոր հարցերը և հիմնավորելու, որ Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը ՀՀ լավագույն բուհերից է, ունի անժխտելի ձեռքբերումներ և խոստումնալից ապագա: Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակման դեպքում օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները՝ ԲՊՀ-ն վերահաս կործանումից փրկելու համար»:

Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում: