Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը կմիանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու կդառնա Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
«Կառավարությունը շրջանառում է այն որոշումը, ես բացահայտ եմ ասում` այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման նախագիծը, համապատասխան կարգով որոշում կկայացվի ու կանցնենք առաջ»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` ոչինչ կտրուկ չի փոխվելու, ու պրոցեսն ընդամենը բարձրագույն կրթության որակի բարելավման համար է։
«Պրոֆեսորադասախոոսական կազմից որևիցե հաստիք չի կրճատվելու։ Պարզ է` երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորն էլ մնալու են այնտեղ, որտեղ կան, ոչ մի տեղափոխություն չի լինելու»,–ասաց նա։
Ըստ Դումանյանի` բուհերը կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրագործվել ակադեմիական քաղաքի գաղափարը, որից հետո բոլոր բուհերը կունենան ավելի լավ պայմաններ։
Անդրադառնալով Բրյուսովի ուսանողների դասադուլին` նախարարը հայտարարեց, որ զարմացած է բուհի ռեկտորի այն հայտարարությունից, թե իրենք տեղյակ չէին այդ մասին։
«Զարմացած եմ ռեկտորի նման հայտարարությունից, որ իր համար դա եղել է անակնկալ։ Քննարկումն այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 5–ին, և բուհերի ռեկտորների հետ անձամբ ես եմ հանդիպել և ասվել է, որ կա նման գաղափար, և դա նոր չէ, տարիներ շարունակ այդ մասին խոսվել է, և ես հայտարարել եմ, որ հնարավոր է` դա մտնի գործնական փուլ»,–ասաց Դումանյանը։
Դումանյանի խոսքով` ապագայում, կրթական ռազմավարության համաձայն, երբ Հայաստանում կստեղծվեն մինչև 8 բուհեր, կվերանայվեն մասնագիտությունների ցանկը, որպեսզի 3–4 բուհում չլինի նույն մասնագիտությունից ու ֆակուլտետից։
Հիշեցնենք` Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները հոկտեմբերի 12-ին, դասադուլ և ստորագրահավաք էին անցկացնում համալսարանի տարածքում։ Համալսարանի ղեկավարությունը ուսանողներին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը որոշել է համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։