ԳլխավորԼուր

Ազատության հրապարակում բացվել է Օհան Դուրյանի արձանը

Նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, հանդիսավորությամբ բացվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հոբելյանական միջոցառումներն ընդգրկում են մի շարք կարևոր մշակութային իրադարձություններ:

Մաեստրոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 8-ից՝ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն իրականացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացել է Կենտրոնական բանկի կողմից թողարկված Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամի շնորհանդեսը, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայփոստի» կողմից թողարկվել է Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնում է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով:

Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր: Ֆրանսիայում «Տեսալսողական միջազգային կազմակերպությունը» թողարկել է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: