Լուր

Քրիստոսի արձանը Հատիս լեռան գագաթին չի լինի. Ծառուկյան

Հիսուս Քրիստոսի արձանի մակետը

Քրիստոսի արձանը թույլ չեն տվել կանգնեցնել Հատիս լեռան գագաթին, այն կլինի Հատիսի կողքին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։

«Այն պատմամշակութային վայր է։ 4000 տարի առաջ այնտեղ ամրոց է եղել։ Ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ մարդիկ գան, տեսնեն»,–ասաց նա։

ԲՀԿ առաջնորդը նաև հայտնեց, որ Հիսուս Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, ամենայն հավանականությամբ 2024 թվականին արձանի բացումը կլինի։

«Այժմ թղթաբանության հարցերն են կարգավորվում, թույլտվության հարցով զբաղվում ենք»,- նշեց Ծառուկյանը։

Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել էր 2022 հունվարի 14-ին։