ԳլխավորԼուր

ԲՊՀ-ն պարզաբանում է, ոչ թե հակադարձում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) հոկտեմբերի 14-ի գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ռեկտորի կողմից մեջբերված տվյալները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ընդունելության վերաբերյալ հիմնված էին Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տրամադրված առկա բակալավրիատ ընդունելության միասնական քննությունների երկու փուլերի արդյունքների վրա, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

«Ընդունելության հետագա գործընթացի (արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, սփյուռքահայեր, օտարերկրացիներ, մագիստրատուրա ընդունվածներ և այլն) մասին տվյալներ, որպես կանոն, չեն տրամադրվում, ինչը ենթադրում է, որ այդ տվյալները կարող էին փոփոխվել:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում բուհերին տրամադրված տվյալների համաձայն՝ այդ փուլում 9 կրթական ծրագրով ՀՊՄՀ ուսանող չէր ընդունվել, իսկ ևս 5 ծրագրով ընդունվել էր ընդամենը 1 ուսանող:

Ինչ վերաբերում է ԲՊՀ-ին, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԲՊՀ արդեն իսկ ընդունվել է 1251 ուսանող: Հավելենք, որ թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում որևիցե անվճար տեղ թափուր չի մնացել, ավելին՝ բակալավրիատի անվճար համակարգ ընդունվել է հատկացված տեղերից 10-ով ավել ուսանող: Հարկ է նշել նաև, որ ՀՊՄՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերի թվաքանակը էապես ավելին է, քան ԲՊՀ-ինը: Հեռակա բակալավրիատ ընդունելությունը դեռևս չի իրականացվել:

Հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ում հրավիրված գիտխորհրդի նիստը նպատակ ուներ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկելու և պարզաբանելու հայաստանյան երեք բուհերի միավորման բուն նպատակը և ԲՊՀ-ի գործունեության դադարեցումը, ինչն անակնկալի էր բերել ուսանողությանը և համալսարանի աշխատակազմին՝ առաջ բերելով նրանց արդարացի վրդովմունքը: Քննարկման մասնակիցները բարձրաձայնում էին բացառապես ԲՊՀ-ին վերաբերող հարցեր մինչ այն պահը, երբ նախարարի տեղակալը անսպասելիորեն անցում կատարեց ՀՊՄՀ-ին՝ վերջինիս ցուցանիշները համադրելով ԲՊՀ-ի ինչ-որ ցուցանիշների հետ՝ այդպիսով փորձ անելով նվազեցնելու Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի հեղինակությունը և վարկանիշը: Համեմատությունը առաջ բերեց օրակարգային հարցից դուրս անտեղի քննարկումներ:

ԲՊՀ ռեկտորը, արձագանքելով քննարկմանը, ՀՊՄՀ-ի կարևորությունը նվազեցնելու որևէ նպատակ չուներ: Քննարկման ընդհանուր համատեքստում ակնհայտ է, որ նրա արձագանքը վերաբերել է բացառապես 2022 թ. առկա բակալավրիատ ընդունելության ցուցանիշներին: Ցավալի է, որ ռեկտորի մասնագիտական դաշտում արված դիտարկումը առաջ է բերել թյուրընկալում և սխալ մեկնաբանություններ:

Վստահեցնում ենք, որ շահագրգռված ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացմամբ, քանի որ ուսուցչի աշխատանքը առանցքային է մեր երկրի ապագայի և սերունդների կրթման գործում»,-նշված է ԲՊՀ-ի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ հոկտեմբերի 12-ին դասադուլ էին արել և ստորագրահավաք անցկացրել՝ բողոքելով բուհերի խոշորացման շրջանառվող նախագծի դեմ։

Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հաստատել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում:

Բրյուսովցիներն հոկտեմբերի 18-ին կրկին ակցիա էին իրականացրել, այս անգամ՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանց ներկայացուցիչներին ավելի ուշ ընդունել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Հոկտեմբերի 19-ին էլ երեք բուհերի միավորման հարցը քննարկվել էր Մանկավարժականի գիտխորհրդի ընդլայնված նիստում։