ԳլխավորԼուր

«Քննարկման ենթակա չէ Մանկավարժականին միացնելը»

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմն այսօր վերսկսել են բողոքի ակցիաները. այժմ նրանք կառավարության շենքի դիմաց են, տեղեկանում ենք Sputnik Արմենիայից։

Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ երկուշաբթի օրը 5 կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել կառավարության անդամներին, ՀՀ վարչապետին, և այժմ պատասխան են ակնկալում։

«Կետերից մեկը վերաբերում է որոշման (Մանկավարժական, Ֆիզկուլտինստիտուտի և Բրյուսովի համալսարանների միավորման –խմբ.) կասեցմանը։ Մենք մեր առաջարկությունում նաև հայտնել ենք, որ բաց ենք առաջարկությունների և քննարկումների համար։ Կարծում ենք, որ պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ։ Քննարկման ենթակա չէ մեր համալսարանը Մանկավարժականի հետ միավորելու հարցը, քանի որ մինչ օրս մեզ ոչ մի ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու են նման որոշում կայացրել»,- նշեց Թամրազյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա, նախագիծը շրջանառվում է, կարծիքներ են հավաքվում, տարբերակներ են քննարկվում։

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նորմալ գործընթաց է։ Բողոքի ակցիաների ընթացքում խոսվում է կրթությունից, սակայն միայն շահարկվում է այդ թեման։ Բովանդակությունը կրթության, գիտության որակի հետ որևէ առնչություն չունի։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, սակայն շոուների մասնակից չենք լինի»,- նշեց Դումանյանը։

Հիշեցնենք, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ հոկտեմբերի 12-ին դասադուլ էին արել և ստորագրահավաք անցկացրել՝ բողոքելով բուհերի խոշորացման շրջանառվող նախագծի դեմ։

Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հաստատել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում:

Բրյուսովցիներն հոկտեմբերի 18-ին կրկին ակցիա էին իրականացրել, այս անգամ՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանց ներկայացուցիչներին ավելի ուշ ընդունել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Հոկտեմբերի 19-ին էլ երեք բուհերի միավորման հարցը քննարկվել էր Մանկավարժականի գիտխորհրդի ընդլայնված նիստում։