ԳլխավորԼուր

«Հեռացե´ք», «Ամո´թ». Ժաննա Անդրեասյանին Բրյուսովի անվան համալսարանից ճանապարհեցին սուլոցներով

Ժաննա Անդրեասյանն ու Դավիթ Գյուրջինյանը ԲՊՀ-ում

Վ․ Բրյուսովի անվան համալսարանին պետք է ռեկտոր, որը դուրս է այստեղ ընթացող լարված գործընթացներից և անառողջ մթնոլորտից: Այսօր համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:

«Դավիթ Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար, այստեղ ունի ավելի քան 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձ: Հուսով եմ՝ կունենանք բավարար ակադեմիական միջավայր և մակարդակ՝ բոլոր հարցերը քննարկելու համար»,- նշել է նախարարը։

Համաձայն հիմնադրամների մասին օրենքի՝ 2-ամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձևավորելու հետևանքով, որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որը առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձևավորում, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում և այլն: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան և, հիմք ընդունելով դատական որոշումները, կիրականացվեն հաջորդ քայլերը:

Անդրադառնալով բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի այն խոսքին, թե իրենք նախարարության որոշումները վիճարկելու են դատարանում, նախարարը նշել է. «Դիմե´ք դատարան, ուրախ կլինեմ, եթե դիմեք, դա ձեր իրավունքն է: Ո՞ւմ համար է ցանկալի այս իրավիճակը: Անկախ ամեն ինչից` տուժում է բուհը: Դուք կարող եք վիճարկել կայացված որոշումները, սակայն դրանք կայացվել են օրենքի շրջանակում և բխում են գործող իրավակարգավորումներից: Որևէ մեկին համոզելու բան չունեմ»:

Դավիթ Գյուրջինյան

Նախարարի խոսքով` բուհի  հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդը, որը վերջերս է ձևավորվել,  հասցրել է երկու կարևոր գործ անել` ընտրել է խորհրդի նախագահ` ի դեմ իրեն, և նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ` ի դեմ Դավիթ Գյուրջինյանի:

Ժաննա Անդրեասյանը զգուշացրել է, որ իրենք մանրազնին ստուգելու են վերջին շրջանում բուհի ներսում կայացված որոշումների և հրամանների իրավաչափությունը.

«Հարցնում եք` ինչու եք այս վիճակում, այդ հարցը պետք է ինքներդ ձեզ տաք»,-ասել է նախարարը Ակոպյանին:

Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո նախարարը մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ և ուսանողների` «Հեռացե´ք» և «Ամո´թ» վանկարկումների ու սուլոցների  ներքո հեռացել է:

Հիշեցնենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա  հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ  այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝  բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո  միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց` հաղթելով Դավիթ Գյուրջինյանին:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին  հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։