ԳլխավորԼուր

Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում. ԿԳՄՍՆ

Բրյուսովի անվ. պետական համալսարան

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր լիազորությունները:

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Միաժամանակ հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը և խնդրի հետ կապված հնարավոր թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:

Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. այդ իրավասությունն արգելված է օրենքով:

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա  հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ  այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝  բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո  միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց` հաղթելով Դավիթ Գյուրջինյանին:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին  հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։