ԳլխավորԼուր

ԲՊՀ-ում բողոքի ակցիաներն ուղղորդված են. Դավիթ Գյուրջինյան

Դասադուլ ԲՊՀ-ում

Բրյուսվի անվան լեզվաբանական համալսարանի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Ուսանողներն ու մի խումբ դասախոսներ դասադուլ ու գործադուլ են անում՝ բողոքելով Դավիթ Գյուրջինյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակելու որոշման դեմ։

Այս բողոքի ակցիաները կազմակերպված են բուհի այսօրվա ղեկավարների կողմից։ Այս մասին նորանշանակ ղեկավարն այսօր ասաց Usanogh.amի հետ զրույցում։

«Կազմակերպված են նախկին և ներկա և ներկա ղեկավարների կողմից (խմբ․ Կարինե Հարությունյան, Ցոլակ Հակոբյան): Ուղղորդված են և կմարեն»,- ասաց նա։

Ի պատասխան դիտարկմանը, որ ուսանողներն ու դասախոսները նշում են՝ իր գալով նպատակ կա փակել բուհը, կամ միավորել Մանկավարժական համալսարանի և Ֆիզկուլտինստիտուտի հետ, Գյուրջինյանը ծիծաղեց․

«Բուհերի միավորումը հիմա օրակարգային չէ, կեղծ է։ Խոսում են բուհի լուծարումից, էդպիսի օրակարգային հարց չկա։ Մինչև 2030 թիվն է ընդգրկված Կառավարության ծրագրում: Այդպիսի օրակարգային հարց գոյություն չունի, դա կեղծիք է, դա ընդամենը նախագիծ է, և չգիտենք դա ինչպես պետք է լինի, ոչ ոք չգիտի դեռ Հայաստանում»:

Գյուրջինյանի խոսքով՝ ուսանողներին պետք է բացատրել, որ իրենց գործը սովորելն է, և իրենց համար միևնույն  պետք է լինի՝ ով է ռեկտորը։

«Կարինե Հարությունյանին էլ դժվարությամբ ընդունեցին, նախորդին էլ։ Հները միշտ դժվարությամբ են բաժանում իրենց աթոռներից, միշտ այդպես է, դժբախտաբար»։

Հարցին՝ ինչպիսի զգացողություն ունի նոր աշխատանքի անցնելու առիթով, Գյուրջինյանը պատասխանեց՝ եկել եմ Բրյուսովի համալսարանից, հիմա վերադառնում եմ Բրյուսովի համալսարան։

«Բրյուսովի համալսարանում ես աշխատել եմ 25 տարի, մի կարճ շրջան գիտխորհրդի քարտուղար եմ եղել, հետո դասախոս։ Բրյուսովի համալսարանից, հիմա վերադառնում եմ Բրյուսովի համալսարան»:

Հավելենք` լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը այսօր նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա  հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ  այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝  բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո  միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց` հաղթելով Դավիթ Գյուրջինյանին:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին  հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։