ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն ու Գլխավոր դատախազությունը հուշագիր են ստորագրել

ԵՊՀ-ն ու Գլխավոր դատախազությունը հուշագիր են ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտնում են ԵՊՀ-ից։

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծեց 2024 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևորությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական լաբորատորիա հիմնելուն ուղղված աշխատանքներն ակտիվ փուլում են:

Նախատեսվում է կազմակերպել ուսանողների մասնագիտական պրակտիկա, որն ուղղված կլինի տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը։ Ուսանողների գիտելիքների խորացման նպատակով կանցկացվեն հրավիրյալ դասախոսների, տեսաբանների և գործող իրավաբանների համատեղ դասախոսություններ։

Կողմերը նաև կկազմակերպեն համատեղ գիտաժողովներ, քննարկումներ, դատախաղ-մրցույթներ և այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մասնագիտական փորձի փոխանակմանն ու իրավաբանական ոլորտում նոր մտքեր ներկայացնելուն։

Հուշագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել նաև գիտահետազոտական համատեղ աշխատանքներ և ծրագրեր, ինչպես նաև գիտագործնական տարբեր պարբերականներում հրապարակել գիտական հոդվածներ, մենագրություններ և գործնական ուղեցույցներ։