ԳլխավորԼուր

Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից. գլխավոր դատախազն ընդունել է ԵՊՀ ուսանողներին

ԵՊՀ ուսանողները Գլխավոր դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը, պատասխանել են նրանց հարցերին, տեղեկացնում են դատախազությունից:

Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից զերծ դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակների, վարույթների ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության ընթացքում անհրաժեշտ հատկանիշների, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք կարգավորումների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգի և այլ հարցերի մասին:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

Ուսանողուհի Լուիզա Լոքյանի հարցին, թե ինչպես կարող են դատավորները, դատախազները զերծ մնալ տարբեր տեսակի ազդեցություններից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է՝ մեջբերելով հույն փիլիսոփա Արիստոտելի խոսքը. «Օրենքը հույզերից ազատ բանականությունն է»: «Սա լավագույն բանաձևն է: Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից: Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են», — ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը խորհուրդ է տվել ուսանողներին ուշադրություն դարձնել կարդացած գրականության որակին: «Ինչպես չեք ընդունի անորակ սնունդ, այնպես էլ չպետք է կարդալ անորակ գրականություն ու տեքստեր: Մեզ տրված ժամանակն արժեքավոր է և այն պետք է ծախսենք դրական ու որակյալ «կալորիա» ունեցող գիտելիքի վրա», — ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալներ Սրբուհի Գալյանը և Գևորգ Բաղդասարյանը ուսանողների հետ զրույցում անդրադարձել են իրենց համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին, առկա խնդիրների լուծման ուղղություններին:

Դատախազ Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորման պատմությունը, նպատակները և գործառույթները՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային բարիքը պետությանը վերադարձնելուն:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության համար անհրաժեշտ հատկանիշներին և դրանցից առանձնացրել հոգեբանական կայունությունը, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու կուտակած գիտելիքը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանն ու զարգացման ընթացքին:

Գլխավոր դատախազությունում ուսանողների հետ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն ու ԵՊՀ ուսանողները գլխավոր դատախազությունում

ԵՊՀ ուսանողները Գլխավոր դատախազությունում

ԵՊՀ ուսանողները Գլխավոր դատախազությունում

ԵՊՀ ուսանողները Գլխավոր դատախազության թանգարանում