ԳլխավորԼուր

Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև

EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Պաշտպանության նախարարությունների հետ համատեղ, 3-րդ տարին անընդմեջ իրականացնում է իրազեկում-քննարկում` «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։

Այս տարի քննարկումը տեղի է ունեցել «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» թեմայով, որը նպատակ ուներ տրամադրել տեղեկատվություն և պարզաբանում այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը:

Հանդիպման խոսնակները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև զինկոմիսարիատի ներկայացուցիչները պատասխանել են շուրջ 60 մասնակցի հնչեցրած 50-ից ավելի հարցերին: Ակտիվ մասնակիցների թվում էին «Մրցունակ ուսանողների ակումբի» բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ:

Հանդիպման մասնակիցներին, մասնավորապես, հետաքրքրել են՝ ինչո՞վ է տարկետման նոր կարգը տարբերվում հնից, ի՞նչ նախապայմանների դեպքում կարելի է ստանալ տարկետում, արդյոք փոփոխվո՞ւմ է թոփ 50 բուհերի ցանկը, տարկետում ստանալուց և համալսարանը ավարտելուց հետո ի՞նչ պարտավորություններ ունի սովորողը, համալսարանի ֆինանսական աջակցությունը պարտադի՞ր է տարկետում ստանալու համար և այլն:

Հնչեցված բոլոր հարցերին հանդիպման խոսնակները տվել են լիարժեք և մանրամասն պարզաբանում: