ԳլխավորԼուրԿրթություն

Սմարթֆոնները խանգարում են երեխաներին սովորել․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը

Սելֆի անող աշակերտներ

Բջջային սարքերը շեղում են սովորողների ուշադրությունը և բացասաբար են անդրադառնում ուսուցման վրա։ Այս մասին են վկայում 14 երկրների տվյալների վերլուծությունը։

Միևնույն ժամանակ, աշխարհի երկրների մեկ քառորդից քիչն է արգելք դրել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման վրա։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում՝ կրթության վրա նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին։

Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ՝ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս միլիոնավոր սովորողների կրթվել, բայց շատ ավելին դուրս են մնացել այս առաջընթացից:

Տեխնոլոգիաները կարող են բացասական ազդեցություն ունենալ, եթե դրանք օգտագործվեն ոչ պատշաճ կամ չափից ավելի: Միջազգային լայնածավալ գնահատումների արդյունքները, ինչպիսին է ուսանողների միջազգային գնահատման ծրագիրը, ցույց են տալիս տեխնոլոգիաների չափից ավելի օգտագործման բացասական ազդեցությունը ուսանողների առաջադիմության վրա: Պարզվել է, որ 14 երկրներում պարզապես շարժական սարքի մոտ լինելը շեղում է ուսանողների ուշադրությունը և բացասաբար է անդրադառնում ուսուցման վրա:

Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում հաշմանդամություն ունեցող սովորողների համար: Տեսողության խանգարումներ ունեցող մեծահասակների մոտ 87 %-ը նշել է, որ ավանդական օժանդակ սարքերը փոխարինվում են նոր տեխնոլոգիական սարքերով:

Հեռավոր շրջանների բնակիչների շրջանում ուսուցման ավանդական մեթոդներին փոխարինում են ռադիոն, հեռուստատեսությունը և բջջային հեռախոսները:

Ուսումնական ռադիոհաղորդումները կիրառվում են աշխարհի գրեթե 40 երկրներում։ Մեքսիկայում հեռարձակվող հեռուստատեսային դասերը՝ զուգորդված դեմ առ դեմ դասերի հետ, նպաստել են միջնակարգ կրթության ընդգրկվածության 21 % աճին:

Աշակերտ՝ Կոնգոյում

Թվային տեխնոլոգիաները զգալիորեն ընդլայնում են կրթական և մեթոդական ռեսուրսների հասանելիությունը։ Օրինակները ներառում են Եթովպիայի ազգային ակադեմիական թվային գրադարանը և Հնդկաստանի ազգային թվային գրադարանը: Բանգլադեշում ուսուցիչների պորտալն ունի ավելի քան 600,000 օգտվող:

Տեխնոլոգիան ունի փոքր կամ չափավոր դրական ազդեցություն ուսուցման որոշ տեսակների վրա: Տարրական դպրոցում օգտագործվող մաթեմատիկայի ուսուցման 23 հավելվածների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք ավելի շատ օգնում են հմտությունների կիրառման և դրանք մարզելու, այլ ոչ թե հմտությունները զարգացնելու հարցում:

Զեկույցում նշվում է, որ լավագույն արդյունքին հասնելու համար շեշտը պետք է դրվի ուսումնառության արդյունքների վրա, այլ ոչ թե թվային ռեսուրսների, շեշտում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները։ Պերուում, օրինակ, ավելի քան մեկ միլիոն նոութբուք են նվիրաբերվել, ասվում է զեկույցում, սակայն դրանք չեն ներառվել կրթական գործընթացում, և ակադեմիական առաջադիմությունը չի բարելավվել: Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի քան երկու միլիոն ուսանողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացառապես հեռավար ուսուցումը մեծացնում է գիտելիքների պակասը:

Թվային տեխնոլոգիաների ներդրման ամենաարագ տեմպերը բնորոշ են բարձրագույն կրթությանը, որն առավելապես փոխակերպվում է դրանց ազդեցության տակ։ 2021 թվականին ավելի քան 220 միլիոն սովորող մասնակցել է Զանգվածային բաց առցանց դասընթացներին: Այնուամենայնիվ, թվային հարթակները խաթարում են համալսարանների դերը և ստեղծում նորմատիվային և էթիկական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բացառիկ բովանդակության բաժանորդագրությունը և ուսանողների և անձնակազմի անձնական տվյալները: