ԳլխավորԼուր

Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղեր. Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել

Լևոն Աղասյան

Հայաստանի ատլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 արդյունք, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Աղասյանի խոսքով՝ ատլետիկայի մրցումներն անցկացվել են բարձր մակարդակոով:

«Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։ Իմ ելույթից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Բավականին հեռու ցատկեր կատարել եմ` հաշվի առնելով քամու հանդիպակաց լինելը»,- ասում է Աղասյանը:

Մարզիկն ընդգծում է՝ Կոնգո մեկնելն ու Ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցելը հետաքրքիր փորձառություն է, և բոլոր մարզիկներն աշխատում են առավելագույնը քաղել դրանից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:

Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանն էլ սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղեր. Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել
Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել

Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 5 մարզաձևում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ, որոնք իրենց ուժերն են չափում ատլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:

Չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:

Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը: