Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրիում՝ երկամարտի 232 կգ արդյունքով (106 + 126 կգ), հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր արծաթե մեդալներին՝ գլխավերևում պահելով համապատասխանաբար 106 և 126 կգ կշռող ծանրաձողերը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը դարձել է Գրան Պրիի բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք: Պոկում վարժությունում Տաթև Հակոբյանն արժանացել է փոքր ոսկե մեդալին (107 կգ), իսկ հրում վարժությունում դարձել է փոքր բրոնզե մեդալակիր՝ բարձրացնելով 123 կգ կշռող ծանրաձողը:
Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանրքաշային ծանրորդներ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով դարձել էր Գրան Պրիի արծաթե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գարիկ Կարապետյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն էլ դարձել էին մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: