ԳլխավորԼուր

Հրազդանում մեկնարկել է հայ-ռուսական երիտասարդական համաժողովը

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:

Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ առաջնորդների (շուրջ 100 մասնակից) համար։

Բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կազմակերպության հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Փոխանցվել է նաև Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը:

Միջոցառումը վարել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) պրոռեկտոր Գրիգորի Պետուշկովը:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ հայ-ռուսական հոգևոր-մշակութային դարավոր կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև տարբեր ձևաչափերով համագործակցությունը երիտասարդության ոլորտում: Նա մասնավորապես ԱՊՀ և ներկայում նաև ԵԱՏՄ շրջանակներում ակտիվացող փոխգործակցության կողքին կարևորել է երկկողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունները:

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռուսական կողմը հետաքրքրված է հայկական փորձով, և իրենք նաև պատրաստակամ են կիսվել իրենց փորձով և զարգացնել հետագա համագործակցությունը:

Համաժողովի բացման արարողությունից հետո տեղի են ունեցել երիտասարդների հետ թեմատիկ քննարկումներ հետևյալ առանցքային թեմաներով՝ «Երիտասարդական ակտիվ գործունեությունը մարզերում և բուհերում», «Ոչ ֆորմալ կրթություն և նորարարություն», «Կամավորական աշխատանք»:

Նշենք, որ համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մասնակիցների այց մշակութային վայրեր: