ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում առկա ուսուցման համակարգի քննաշրջանն է

Ուսանողները քննություն են հանձնում ԱրՊՀ-ում

Հունվարի 9-ից Արցախի պետական համալսարանում հեռակա ուսուցման համակարգի պարապմունքներին զուգընթաց մեկնարկել են նաև առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի եզրափակիչ ստուգումները:

Պարտքերի մարման առաջին փուլը կկազմակերպվի հունվարի 23-27-ը, իսկ երկրորդ փուլը՝ փետրվարի 13-17-ը:

Ռեկտորատի որոշմամբ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Հանրապետությունից դուրս, ինչպես նաև անհատական ծայրահեղ պատճառներով առկա ուսուցման համակարգի քննություններին չմասնակցած ուսանողներին կթույլատրվի քննությունները հանձնել մինչև պարտքերի մարման 2-րդ շրջանի ավարտը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստուգումները կկազմակերպվեն հեռավար եղանակով։

ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով՝ քննաշրջանն անցնում է բնականոն հունով, խնդիրներ չեն արձանագրվել, համալսարանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ստուգումները լիարժեք կազմակերպելու նպատակով:

«Բոլոր ֆակուլտետներում ամենօրյա կտրվածքով մշտադիտարկման արդյունքները գոհացուցիչ են: Քննություններին ներկա են նաև ընթերակաները: Բացակա ուսանողները քիչ են, որոշ ֆակուլտետներում գրեթե չկան: Անկախ ստեղծված իրավիճակից՝ մեր առաջնահերթություններից են որակյալ կրթությունը և մեր ուսանողներին գիտելիքներ տալը: Մեր ուսանողներին մաղթում եմ արդյունավետ քննաշրջան, նորանոր գիտելիքների ձեռքբերում և, իհարկե, մեր երկրին խաղաղություն, այս դժվար իրավիճակի բարեհաջող հաղթահարում»,- նշել է Գեորգի Սահակյանը:

Առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի եզրափակիչ ստուգումները կտևեն մինչև հունվարի 20-ը: