ԳլխավորԼուր

Դպրոցների տնօրենները ազատվում են իրենց պարտականությունների մի մասից

Դասասենյակ

Դպրոցների վարչատնտեսական գործընթացի կառավարումն այսուհետ կկատարեն ոչ թե դպրոցների տնօրենները, այլ մասնավոր կազմակերպությունները։ Հանրակրթական հաստատությունների կառավարման նոր մոդելին վերաբերող կարգն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Կարգի գործարկմամբ դպրոցի կառավարման գործընթացը փաստորեն կբաժանվի երկու մասի` ուսումնական և վարչատնտեսական:

Ուսումնական մասով կշարունակեն զբաղվել տնօրենները, իսկ վարչատնտեսականը կպատվիրակվի մասնավոր կառավարիչներին։

«Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը: Դպրոցն ունի տնօրենի տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ, և բոլոր գործընթացներին տնօրենը մասնակցում է: Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են պահանջում, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով կազմակերպելու, գնահատելու և վերահսկելու ուսումնական գործընթացը դպրոցում: Այս դեպքում աշխատանքն իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքերի գծով տեղակալը, որի պարտականությունները շատ դեպքերում համընկնում են տնօրենի պարտականությունների հետ»,– ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի 2023 թվականի հունվարից հետո։