ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ պետական աջակցությամբ ծրագրերի հետ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համադրման դեպքում կարելի է էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Ժ. Անդրեասյանն ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը:
Նախանշվել են ուսուցիչների վերապատրաստման, արևմտահայերենի դասավանդման մեթոդական նյութերի պատրաստման նպատակով ջանքերի միավորման հեռանկարները:
Արևմտահայերենի տարածման ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը որպես լուծում առաջարկել է հանրակրթական պետական նոր չափորոշչով նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են 7-րդ դասարանից: Ըստ Անդրեասյանի՝ նախագծային աշխատանքի նյութ կարող է լինել արևմտահայերենին վերաբերող որևէ թեմա՝ սկսած պատմությունից մինչև գրականություն: Նա շեշտել է նաև սփյուռքահայ և հայաստանցի երեխաների համագործակցության հնարավորությունը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է պետական աջակցությամբ իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադան՝ որպես նախագծային ուսուցման եզրափակիչ փուլ դիտարկելու հնարավորությունը:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով արևմտահայերենի նկատմամբ պետական մոտեցումը:
Նրա գնահատմամբ՝ արևմտահայերենի պահպանման խնդիրը Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնույթ է կրում: Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը, ինչը միտված է լեզվի տարածմանը: Ռ. Փանոսյանը դրական է գնահատել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, վերապատրաստման գործընթացի, համատեղ նախագծային աշխատանքի իրականացման հնարավորությունը:
Հանդիպմանը քննարկվել են արևմտահայերենի թվայնացման, դպրոցականների ներգրավմամբ արևմտահայերենով տարբեր հարթակների, կայքերի պատրաստման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև հայագիտության խրախուսմանն ու զարգացմանը միտված համատեղ ծրագրերի մշակմանը: