ԳլխավորԼուր

Հայտնի է «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի մասնակցի անունը. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Առաջին ալիքի ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Պաշտոնապես մասնակցի անունն ու երգը կհրապարակեն  մեկ ամսից։

Rosa Linn-ը Վանաձորում ապրող ու ստեղծագործող երգչուհի է, որին ամերիկյան «Flaunt» ամսագիրն անվանել է Հայաստանի առաջին կին երաժշտական պրոդյուսեր։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։ «Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի և ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում։

Անցած տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ հետպատերազմական իրավիճակի, ժամանակի սղության և այլ օբյեկտիվ պատճառներով, իսկ 2020-ին մեր երկրի պատվիրակն էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցույթը չեղարկվեց։