ԳլխավորԼուր

«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ՝ Ազնավուրի հայրենիքում». Զազ

Ֆրանսիացի երգչուհի Զազը ուրախ է և ոգևորված կրկին Հայաստանում լինելու և այստեղ համերգով հանդես գալու համար: Նա այդ մասին ասաց երևանյան մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում, փոխանցում է  Sputnik Արմենիան։

«Համերգի ընթացքում ես իմ էներգիան կփոխանցեմ հանդիսատեսին»,– ասաց նա:

Խոսելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին` երգչուհին ջերմությամբ հիշեց նրա խորհուրդները և ընդգծեց, որ դրանք միշտ իր համար շատ կարևոր են եղել:

«Ես Ազնավուրի խորհուրդներից մեկն եմ շատ լավ հիշում, որ ինձ ասաց` անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա չեմ սովորել: Շատ հուզված եմ այսօր Հայաստանում լինելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է: Այստեղ գտնվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար»,– նշեց Զազը:

Նա շեշտեց, որ շատ է սիրում հայկական դուդուկը, անգամ դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակն ունի, որը հաճախ է լսում:

Զազի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը: Զազը խնդրել է, որ իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի, ու ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Համերգը կայանալու է «Հայա» փառատոնի շրջանակում: Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի վաղը՝ հունիսի 25-ին, Զազի առաջին երևանյան մենահամերգով: Անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը «G-Unit» բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտի բեմը կտրամադրվի «Led Zeppelin Symphonic» նախագծին: