Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և երիտասարդների մասնակցությամբ նման ծրագրերի իրականացման կարևորությունը այդ հարաբերությունների շարունակականության ապահովման առումով։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ սա բարեկամ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար լավ հնարավորություն է ավելի մոտ լինելու միմյանց, փոխանակվելու գիտելիքներով ու կիսվելու մշակույթի և երիտասարդության ոլորտների համընդհանուր խնդիրներով։
Նա նաև հայտնել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, և 2025 թվականին Վրաստանը կընդունի Հայաստանի երիտասարդներին։
Պանելային քննարկման շրջանակում Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են երիտասարդական ոլորտում իրենց երկրներում իրականացվող պետական քաղաքականությունը, իրագործվող ծրագրերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։ Երիտասարդները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենց պատկերացումները Հայաստանում և Վրաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների մասին, ինչպես նաև կիսվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացման մասին առաջարկներով։
Թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի երիտասարդները հավաստիացրել են, որ ծրագիրը հաջողված է՝ որպես լավ հնարավորություն միմյանց ճանաչելու ոչ միայն անձնապես, այլև ավանդույթների, մշակույթի, ազգային առանձնահատկությունների առումով։ Վրաստանից մասնակցող երիտասարդ Ցոտնե Լացուզբաիան նշում է՝ արդեն հասցրել են ձեռք բերել լավ ընկերների և մտերմանալ նրանց հետ և վստահ է՝ դեռ երկար շարունակելու են պահպանել հաստատված ընկերական կապերը, իսկ Միլենա Կռոյանը հատկապես տպավորվել է ծրագրի շրջանակում ներկայացված վրացական ավանդույթներով ու ծիսական արարողություններով։
Ծրագիրն անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համագործակցությամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամին հատկացված միջոցներով։