ԳլխավորԼուր

Դիանա Խոջայանը Բռնոյի քաղխորհրդում ընտրված առաջին հայն է

Դիանա Խոջայան

Սեպտեմբերի վերջին Չեխիայում անցկացված տեղական մարմինների ընտրություններին մասնակցում էր SPD` «Ազատ եւ ուղիղ ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված 20-ամյա Դիանա Խոջայանը, որն ընտրվել է Բռնոյի Կենտրոնական քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Նա կուսակցության երիտասարդական թեւի ակտիվ անդամներից է, տեղեկացնում է orer.eu-ն։

Դիանան ուսանում է Մասարիկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում, նաեւ հիանալի երգում է, հայտնի է դարձել չեխական հեռուստատեսային երաժշտական «Սուպեր Սթար» մրցույթին իր տպավորիչ մասնակցությամբ։ «Օրեր»-ի այն հարցին, թե ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել քաղաքային խորհրդում աշխատանքի ընթացքում, Դիանան մասնավորապես պատասխանել է.

«Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել «Օրեր» ամսագրի խմբագրությանը, որ լուսաբանեց իմ հոդվածը ու կոչը չեխական կառավարությանը, որպեսզի չեխական իշխանությունները Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ լռություն չպահպանեն։ Նաև շնորհակալ եմ Բռնոյի իմ հայրենակիցներից, որոնք ձայն են տվել ինձ և իմ կուսակցությանը։ …Նախ պետք է կատարեմ մեր կուսակցության ծրագրի կետերը, որոնցից են երիտասարդ ընտանիքների համար նոր բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունը, մշակույթի զարգացման նոր ծրագրերի ու հնարավորությունների ստեղծումը, չեխական հին ավանդույթների ու սովորությունների վերականգնումն ու զարգացումը։ Իսկ իմ անձնական ցանկությունը Բռնո քաղաքում հայ -չեխական բարեկամության զարգացմանը նպաստելն է եւ մշակույթի համար ավելի լայնածավալ հնարավորությունների ստեղծումը։ Իհարկե, կցանկանամ նաեւ օգտակար լինել հայրենակիցներիս՝ իմ հնարավորության շրջանակներում»,-ասել է նա։