ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկները հաղթել են թուրք և ադրբեջանցի մարզիկներին ու դուրս եկել եզրափակիչ

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ:

Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: Հատկապես տպավորիչ էր մեր մարզիկի մենամարտը 3-րդ ռաունդում: Նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի:

Գերկամային հաղթանակ տոնեց նաև 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկը առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց: Շատերը կընկճվեին, բայց Շախպազյանը հակառակը՝ շատ արագ հասկացավ սխալն ու լսելով նաև մարզիչներին՝ զրկեց մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախչում էր ռինգում կամ բռնում: Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով շահեց ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում մեր բռնցքամարտիկը ավելացրեց ճնշումը: Նա պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու ֆանտաստիկ հաղթանակ տոնեց:

Այսպիսով Հայաստանն ունի եզրափակիչի երկու մասնակից, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով: