Ավելի լուրջԳլխավորԽոսք

Հայերի ու չհայերի անատոմիան

Չհայը դագաղասեր է, չկամ, չար, ագրեսիվ, տրամադրությունը փիս ընկնում է դիմացինի ուրախությունից կամ հաջողությունից, գրեթե օրգազմի է հասնում դիմացինի դժբախտությունից։

Չհայը նախանձ է, աչքածակ, ագահ, անկուշտ, ոչինչ չի անի առանց շահ ունենալու, ամեն ինչ կծախի, ծնողին էլ որպես բոնուս նվեր տալով՝ թեկուզ չնչին շահ ունենալու ակնկալիքի դեպքում։

Չհայը սիրում-պաշտում է բոլոր ազգերին ու երկրները, եթե միայն դա հայը կամ Հայաստանը չէ։

Չհայը թերարժեք է ու բազմաթիվ ու իրական հենք ունեցող բարդույթներ ունի, հակված է սադիզմի, որկրամոլ է, կենդանիներից սիրում է առավելագույնը խոզին՝ խորովածի, ոչխարին ու տավարին՝ «պիվով խաշլամի» տեսքով։

Չհայը սիրելու հետ խնդիրներ ունի, քանի որ սիրում է միայն իրեն ու միայն այն, ինչ իրեն է պատկանում։ Ունեցվածք-գույքի չափ էլ իր հասկացողությամբ սիրում է կնոջը (ամուսնուն) ու երեխաներին, քանի դեռ «դրանք» չեն սպառնում իր բարեկեցութանը կամ ավելի արժեքավոր գույքի գոյությանը։

Չհայը շատ «ընթերցասեր» է՝ մանրամասն կարդում է բոլոր անդորագրերը, ճաշացանկի գները, զեղչերի ու առուվաճառքի վերաբերյալ հայտարարությունները, իրեն հետաքրքրող խանութների անվանումներն ու ավտոմեքենաների մակնիշները, հագուստի «ֆիրմաները», վազող տողով հայտարարությունները, էս մեկի վթարի, էն մեկի դավաճանության, էն մեկելի՝ մանկապղծության մասին լուրերը։

Չհայը թքած ունի ամենքի ու ամեն ինչի վրա, եթե դրանից իրեն վնաս չկա, քծնում է ամենքին ու ամեն ինչ, եթե դրանից օգուտ է ակնկալում։ Հագնվում է առավելագույնս անճաշակ ու աչք գրգռող, հնարավորինս բրենդային ու թանկ, տրանսպորտում, տանը, ավտոմեքենայում թե հերթական կլկլ համերգին խոսում է միշտ բարձր, մուննաթով, «կաշի տոնով»՝ անկախ սեռից, կանանց մեծ մասի ուշքը գնում է «տիգրովկա» ոճի համար այնքան, որ քիչ է մնում սիրտն էլ վիրահատեն – «ղաժուժեն»։ Դե ուղեղի մասին չարժե հոգ տանել, այն ի սկզբանե «տիգրովկա» է։

Չհայի համար մեկ է, թե իր արած-չարածից ինչ է զգում կողքինը, նրա համար անքննելիորեն կարեւոր է ինքը, իր կարծիքը, իր հարմարությունը, իր ուզելն ու չուզելը։

Չհայը խաչագող ու կռապաշտ է՝ անկախ նրանից՝ եկեղեցի մտնում է մոմ վառելու, թե մատաղացու գառի աղը «էն տերտերն օրհնի՝ գնանք մի կտոր հաց ուտենք»-ը մտածելու համար։ Նա ամեն վայրկյան պատրաստ է կուռք ստեղծել-պաշտել, ամեն երկրորդ վայրկյանին պատրաստ է գնալ նոր կուռքի հետեւից՝ հավատարիմ շան աչքերով դեմքը համապատասխանացնելուց հետո։

Չհայի համար հայրենիքն ավելին չէ, քան մի բաժակով խմված կենացը «ախպերության» հետ, իսկ պետությունը մի բան է, որից հնարավորինս պետք է «շատ քերել»։

Չհայը փայլուն «տրամաբանություն» ունի։ Եթե ասես՝ որ սա անես, սրանից հետո սա է լինելու, գիտե՞ս, շշմեցուցիչ պատասխան կտա. «Բա լավ էր, որ էն…», «Մթոմ դրանով ինչ ես ուզում ասես որ, ախպերս…»։

Չհայը աչքի է ընկնում տգիտությամբ՝ անկախ դիպլոմների ու կոչումների քանակից, «արվեստասեր» է՝ ուշաթափվում է ռնգա-ոռնոցային, «արա, դե լացացնում է, էլի» ոճի «ստեղծագործությունների» համար, էքստազի է հասնում միայն ու միայն բնազդները բավարարելու թեկուզ մտքից, ու որպես վերջաբանատեղ շքեղացնում է արտաքնոցը. շղթան այնտեղ է ավարտվում։

Որքան էլ զարմանալի  ու տարօրինակ է, չհայն ընդհանրություն ունի հայի հետ՝ անձնագրում ազգության վերաբերյալ նշումը կամ ընդհանուր բնակատեղի-պետությունը, կամ երկուսը միասին։

Լավ, իսկ ինչպիսի՞ն է Հայը։

Ընդհակառակը։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ