ԳլխավորԼուր

Կամավոր ատեստավորման հնարավորություն կտրվի արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին

Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն առաջարկվող կարգավորման՝ հանրակրթության ոլորտում ներդրված ուսուցչի կամավոր ատեստավորման համակարգը կներդրվի նաև արտադպրոցական կրթության ոլորտում, որի արդյունքում հավելավճար ստանալու հնարավորություն կունենան նաև արվեստի և մարզադպրոցների մանկավարժներն ու մարզիչները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծել է, որ այս որոշմամբ իրագործվում է արտադպրոցական կրթության ոլորտում էական փոփոխություններ կատարելու
Կառավարության քաղաքական հանձնառությունը, որով այս ոլորտում նույնպես ներդրվելու է մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:

«Ոլորտում, ըստ էության, կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը՝ մասնագիտական զարգացման ծրագրերի, ֆինանսավորման և այլ տեսանկյուններից: Բայց այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի. մասնավորապես՝ «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ արվեստի դպրոցների մանկավարժներն ու մարզադպրոցների մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար: Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային է, և այստեղ վարձատրությունը համայնքից համայնք խիստ տարբերվում է: Ուստի, նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանանք համահարթեցնել վարձատրության այս տարբերությունները և, հետևաբար, նախատեսում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Օրենքի նախագծով նաև նախատեսվել են ֆինանսավորման կարգի փոփոխության և ատեստավորման բովանդակային չափորոշիչների սահմանման լիազորող նորմեր: Օրենքի փոփոխությանը զուգահեռ, ինչպես նախարարն է նշել, իրականացվում են ատեստավորման կարգի և թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ հաշվի առնելով, որ գործընթացն իրականացվելու է առաջին անգամ, առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան արվեստի և մարզաձևերի կոնկրետ ուղղությունների ներկայացուցիչներ.

«Արվեստի պարագայում առաջարկելու ենք, որ առաջին փուլով դիմեն դաշնամուրի, սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, իսկ մարզաձևերից՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ինչպես նաև սամբոյի և ձյուդոյի մարզիչները: Մանկավարժներն ու մարզիչները կամավոր ատեստավորմանը դիմելու հնարավորություն կունենան արդեն մարտին: Ապրիլին կանցկացվի ատեստավորումը, իսկ մայիսից սկսած՝ հաջող արդյունքներ ցույց տված մասնագետները կստանան հավելավճարները, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլ ամսվա համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով նախագծի աննախադեպ կարևորությունը ոլորտի համար:

Արտադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում, իսկ այս պահին հանրապետությունում գործում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը՝ Երևանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում: Այդ դպրոցներում իրենց ուսումը ստանում են ավելի քան 50 հազար երեխաներ:

Բացի դրանից՝ գործում են 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ սովորում են 42 հազարից մի փոքր ավելի մարզիկներ: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, իսկ սպորտային կազմակերպություններում իրենց աշխատանքն իրականացնում են 2100-ից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ:

Կառավարության նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում արվեստների ավագ դպրոց և սպայական ավագ դպրոց հիմնելու հարցը, որոնք պետք է ստեղծվեն զրոյից և ունենան կրթական հատուկ ծրագրեր: Սպայական ավագ դպրոցի պարագայում նախատեսվում է սերտ համագործակցություն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և սպայական ծառայության բաղադրիչ ունեցող այլ կառույցների հետ: