ԳլխավորԼուրԿրթություն

Արցախի պետական համալսարանում այսօր տոնական տրամադրություն էր

2020-2021 ուսումնական տարում ԱրՊՀ բակալավրիատ է ընդունվել 523 ուսանող, որից 413-ը` առկա, 110-ը` հեռակա ուսուցման համակարգ: Ձևավորված ամենամեծ խմբերը համապատասխանաբար «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Ֆիզդաստիարակություն և սպորտ», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություններից են, իսկ «Քիմիա» մասնագիտության 1-ին կուրսը կգործի մեկ ուսանողով:

Արցախի պետական համալսարանում այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Վաղ առավոտից մայր բուհը դիմավորել է առաջին կուրսեցիներին: Ուսանողական խորհրդի ներակայացուցիչները կազմակերպել են դիմավորման և իրազեկման աշխատանքները, ուսանողներին ուղեկցել լսարաններ, ծանոթացրել դասացուցակներին, որից հետո նրանց հետ հանդիպում են ունեցել ֆակուլտետների դեկանները և կուրսղեկները:

Բարձր առաջադիմությամբ ընդունված առաջին կուրսեցիները հանդիպում են ունեցել համալսարանի ռեկտորի և պրոռեկտորների հետ: Ռեկտոր Ա. Սարգսյանը ողջունել է բոլոր առաջին կուրսեցիներին, շնորհավորել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նա նշել է, որ նոր ուսումնական տարում համալսարանում ուսուցումը բակալավրիատի ուսանողների համար կլինի կենդանի՝ ոչ հեռավար:

«Ոչ ոք երաշխավորված չէ համավարակի նոր թափից, և մենք, հարկ եղած դեպքում, պետք է կարողանանք կարճ ժամանակահատվածում անցնել հեռավար ուսուցման: Բոլորին հորդորում եմ ակտիվ մասնակցել այդ ուղղությամբ տարվող գործընթացներին՝ ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելու համար»,- նշել է ռեկտոր Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ համալսարանը ներկայումս գտնվում է հավատարմագրման գործընթացում և այն հաղթահարելուց հետո դառնալու է միջազգային բուհական համակարգի լիարժեք անդամ: Ուսանողները իրազեկվել են նաև հեռավար ուսուցման նոր հարթակի ներդրման, կրեդիտային համակարգի, վարձավճարի փոխհատուցման և զեղչային համակարգի մասին:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը հորդորել է առաջին կուրսեցիներին հնարավորինս ակտիվ լինել և ներգրավվել առաջիկայում նախատեսվող ուսումնական, գիտական, ինտելեկտուալ և մշակութային միջոցառումներում:

«Կառավարում» մասնագիտության առաջին կուրս ընդունված ուսանող Վահե Ասրյանը կիսվել է իր առաջին տպավորությամբ և նշել. «Ուրախ եմ, որ հենց Արցախի մայր բուհի ուսանողն եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել համալսարանի ամբողջ անձնակազմին այսպիսի ընդունելության համար: Առաջին կուրսեցիներին մաղթում եմ հաջողություններ ուսման բնագավառում, աշխատասիրություն և նպատակասլացություն, որպեսզի կարողանանք մեր ընտրած մասնագիտությունը արժանվույնս ծառայեցնել մեր հանրապետությանը»:

«Լրագրություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անի Աբաղյանը շնորհավորել է բոլոր ուսանողներին՝ մաղթելով ակտիվ և բեղուն ուսանողական տարիներ:

 

Comment here