ԳլխավորԼուր

Այս տարի ԱրՊՀ-ն կունենա 659 շրջանավարտ

ԱրՊՀ ուսանողը քննության ժամանակ

Համավարակով և ապա՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմով պայմանավորված դժվարություններով ու մարտահրավերներով լի ուսումնական տարին մոտենում է ավարտին: Ուսումնական տարին Արցախի պետական համալսարանում ամփոփվում է՝ տարեսկզբին գիտակրթական ուղղությամբ նախանշած անելիքներն արդեն իրականություն դարձրած, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից:

Հեռավար եղանակով առցանց դասերը 2020 թ. դեկտեմբերի 1-ից փոխարինվեցին պարապմունքների ավանդական ձևով, ինչը Արցախի մայր բուհում կրթության շուրջ նորից համախմբեց դասախոսներին ու ուսանողներին՝ փորձելով պատերազմից խաթարված գիտակրթական կյանքը վերադարձնել բնականոն հուն:

Ուսանողների վերադարձը մայր բուհ յուրաքանչյուր ամիս նոր աճ էր արձանագրում, և այսօր արդեն ուսանողական կազմը, գրեթե համալրված, մտնում է քննասենյակ՝ ամփոփելու իր ստացած գիտելիքները:

Մայիսի 24-ից մեկնարկել են բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգերի 2020-2021 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տվյալներով՝ 2020-2021 ուստարում ամփոփիչ ատեստավորման ստուգումներին բակալավրիատի առկա ուսուցման համակարգից մասնակցում է 345 ուսանող՝ 20 կրթական ծրագրերից, հեռակա՝ 155 ուսանող՝ 12 կրթական ծրագրերից և մագիստրատուրայի 159 ուսանող՝ 22 կրթական ծրագրերից:

Այս տարի ԱրՊՀ-ն կունենա 659 շրջանավարտ:

ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով՝ գործընթացն ընթանում է բնականոն հունով, արտառոց որևէ խնդիր առայժմ չի արձանագրվել: Գործընթացի արդյունավետությունն ապահովելու, գնահատումն օբյեկտիվ իրականացնելու հարցում նախապես ձեռնարկվել են անհրաժեշտ աշխատանքները:

«Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, քննական հանձնաժողովների կազմում և նախագահների պաշտոններում ընդգրկված են տվյալ ոլորտի անվանի մասնագետներ, գործատուներ: Մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտություններում ձգտել ենք ընդգրկել դպրոցների տնօրեններին կամ ուսուցիչներին` համապատասխան մասնագիտությամբ»,- ասել է Գ. Սահակյանը` այս տարվա նորարարական մեթոդներից շեշտելով նաև հանձնաժողովների նախագահների հաշվետվության նոր կարգը, որտեղ կմատնանշվեն ի հայտ եկած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

«Հոգեբանություն» մասնագիտության քննական հանձնաժողովը ղեկավարել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ.Ղարախանյանը: Նախարարի համոզմամբ՝ շրջանավարտները ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ և հույս են ներշնչել, որ, ներգրավվելով աշխատաշուկայում, պատվով են կատարելու հոգեբանի մասնագիտության հետ կապված բոլոր գործառույթները: Նախարարը «Գերազանց» և «Լավ» գնահատականներ ստացած բոլոր նորաթուխ հոգեբաններին կոնկրետ առաջարկներ է արել՝ կրթության համակարգում նոր բացվող հաստիքներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ:

«Լրագրություն» մասնագիտությամբ քննական հանձնաժողովի նախագահ, գրող, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը, գոհունակություն հայտնելով ուսանողների պատրաստվածության մակարդակից, կարևորել է համալսարանի դերը ոչ միայն Արցախի գիտակրթական կյանքի զարգացման, այլ նաև Արցախում բնականոն կյանքի, երբեմնի փառքի վերականգնման և հայրենիքի պաշտպանության տեսանկյուններից:

«Պատերազմն, անշուշտ, իր ազդեցությունն է թողել նաև մեր ուսանողության վրա, բայց, վստահաբար կարող եմ ասել, որ դրանից չի տուժել ուսանողների գիտելիքների, իմացության մակարդակը: Դրական եմ տպավորված ուսանողների պատրաստվածության աստիճանից, նրանց ունեցած գիտելիքներից: Համալսարանը կյանքի մի փուլն է, դրան պիտի հաջորդի ինքնակրթության տևական գործընթացը, որն անհրաժեշտ է բանիմաց ու լավ մասնագետ դառնալու համար»,-նշել է Վ. Բաղրյանը՝ կարևորելով լրագրողի մասնագիտությունը՝ տեղեկատվական պատերազմներում, Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվությունն ու ճշմարտությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում:

«Լրագրություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ստուգումների ընթացքից՝ այն համարելով նաև յուրահատուկ փորձի ձեռքբերում.«Իմ և ընկերներիս տպավորությունները դրական են: Ստուգումներն անցել են օբյեկտիվ, ուսուցողական և հետաքրքիր»:

Հավելենք, որ ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կտևեն մինչև մայիսի 27-ը:

Comment here