ԳլխավորԼուր

«YSU Band»-ն իր առաջին մենահամերգը նվիրեց ԵՊՀ շրջանավարտներին

ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսությունների շրջանակում համալսարանի տարբեր մասնաշենքերի բակերում հունիսի 16-ին տեղի ունեցան տոնական միջոցառումներ։ Երաժշտական համարներով հանդես եկան «YSU Band», «Mad Blues Band», «By The Way Band» խմբերը։

Այս տարի Երևանի պետական համալսարանն աննախադեպ հանդիսավորությամբ ու մեծ շուքով ճանապարհեց իր շրջանավարտներին։ Տոնական համերգի մասնակից շրջանավարտները մեծ գոհունակությամբ էին խոսում կազմակերպված միջոցառումներից։

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, խոսելով ԵՊՀ շրջանավարտների համար կազմակերպված միջոցառումների կարևորությունից, ընդգծեց. «Երկար տարիներ մտածել եմ, որ անհրաժեշտ է այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ: Այսօր, կարելի է ասել, իրականացել է իմ վաղեմի ցանկություններից մեկը։ Շրջանավարտների ավարտական նմանօրինակ միջոցառումներ իմ գործունեության ընթացքում առաջին անգամ են կազմակերպվում, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գործում կարևորն առաջին քայլն է։ Շատ ուրախ եմ, որ «YSU Band»-ն իր առաջին մենահամերգը նվիրում է համալսարանի շրջանավարտներին»:

Միլենա Մկրտչյանը («YSU Band»4 հարվածային գործիքներ ), խոսելով իրենց առաջին մենահամերգից, նշեց. «Արդեն երկու տարի է, ինչ գործում է խումբը․ ունեցել ենք բազմաթիվ համերգներ, որոնք կազմակերպվել են հատկապես առաջին կուրսեցիների համար, սակայն սրտի մեծ թրթիռով սպասել ենք նաև մեր մենահամերգին: Սա, կարելի է ասել, մեզ համար հնարավորություն էր իրականություն դարձնելու երկար սպասված մենահամերգը»:

Ինչպես «YSU Band»-ի մյուս անդամները, այնպես էլ Ալիսա Մարկոսյանը (բաս կիթառ) չէր կարողանում թաքցնել հույզերը։

«Խմբի համար այսօր հաճելի և շատ պատասխանատու օր է: Մեծ պատիվ է ԵՊՀ շրջանավարտների համար կազմակերպված միջոցառմանը հանդես գալ համալսարանի երաժշտական խմբի անունից: Հուսով ենք՝ համալսարանականներն ուրախ ու հաճելի ժամանց կանցկացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ալիսան:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառում։