ԳլխավորԽճանկար

«Ես իմ երազանքներից շատերն իրականացրի հենց ԵՊՀ ուսանող լինելու շնորհիվ». Ջեմմա Թադևոսյան

Ջեմմա Թադևոսյան

ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Իսպաներեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ջեմմա Թադևոսյանն «Էրազմուս+» ծրագրով այժմ սովորում է իսպանական Կադիս քաղաքի համալսարանում:

Ներկայացնում ենք ysu.am-ի անդրադարձը։

***

Ես Վայոց Ձորի մարզից եմ՝ փոքր, բայց անչափ գեղեցիկ Արտաբույնք գյուղից:

Սիրում եմ կարդալ, հետաքրքրված եմ հատկապես ռուս գրականությամբ: Ազատ ժամանակ նախընտրում եմ զբոսնել, մտքերիս, ինքս ինձ հետ միայնակ մնալ, հանգստանալ, իհարկե նաև ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում: Երբ մեր գյուղի տանն եմ, դաշնամուր եմ նվագում: Ֆիլմեր դիտելը, հատկապես դրամատիկ ժանրի, առօրյայիս մի մասն է:

Իսպանիայում սովորելը հնարավոր է դարձել միայն ԵՊՀ ուսանող լինելու շնորհիվ, քանի որ կարողացել եմ ամբողջական կրթաթոշակ ստանալ: Շնորհակալ լինելն այնքա՜ն քիչ է:

Ֆակուլտետում առաջին հերթին զարգացրել եմ մասնագիտական հմտություններս, իսպաներենի և անգլերենի գիտելիքներս: Ուսանողական տարիներին ինձ բախտ է վիճակվել ճանաչել ամենահոգատար, ամենանվիրված դասախոսներին: Եթե հնարավորություն ունենայի վերադառնալ դպրոցական տարիներ և նորից որոշում կայացնել, ես նորից ու նորից կընտրեի ԵՊՀ-ն:

Այստեղ եմ սովորել զտել օգտակարը, ճիշտ օգտագործել գիտելիքներն ու կառավարել ժամանակը, լինել պատասխանատու ուսանող, բայց նաև ժամանակ գտնել ընկերների համար, լիարժեք ապրել՝ չնայած ուսանողական կյանքի «դժվարություններին»:

Արտերկրում որոշ ժամանակ անցկացնելը, օտար միջավայրում ապրելը, սովորելը և օտար մշակույթի փորձը շատ օգտակար են ուսանողին: Պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց, փորձել, սխալվել, սովորել, նորից սխալվել և նորից փորձել, երբեք չվախենալ դժվարությունից: Ի վերջո իրական հաջողությունը գալիս է, երբ չես կորցնում կամքդ, անգամ պարտություններից հետո: Առանց դրանց դժվար կլիներ գնահատել հաջողությունը:

Իմ կյանքում ամեն ինչ այնքան պատահական և անակնկալ է ստացվում, որ անգամ ծրագրելու դեպքում ճակատագիրն ինձ տանում է այնտեղ, որտեղ ես պետք է լինեմ: Երազանքս է աշխատել Արցախում՝ Շուշիին մոտ: