ԳլխավորԼուր

«Պերֆեկցիոնիստ եմ, միշտ ձգտում եմ լավագույնին». Գոռ Գալստյան

ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից մեկը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Գալստյանն է։ ysu.am-ը զրուցել է նրա հետ մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու ու ոգեշնչման աղբյուրների մասին։

Աստվածաբանության ֆակուլտետի մագիստրանտ 24-ամյա Գոռը ծնունդով գյումրեցի է, այժմ ապրում է Երևանում։

Գո՛ռ, ինչպե՞ս ընտրեցիք աստվածաբանի մասնագիտությունը։

— Իմ ընտրությունը պատահական չի եղել։ Դեռ դպրոցական տարիքից մասնակցել եմ հայագիտական ոլորտի տարբեր օլիմպիադաների և շատ եմ սիրել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Գիտելիքներս խորացնելու նպատակով դիմեցի Աստվածաբանության ֆակուլտետ՝ չնայած ընտանիքում առկա ճնշումներին։ Ոչ ոք սկզբում կողմ չէր իմ ընտրությանը, սակայն հիմա գոհ են բոլորը։

Գո՞հ եք արդյոք ձեր ընտրությունից։

— Միանշանակ։ Աստվածաբանության ֆակուլտետն ինձ տվել է համապարփակ գիտելիքներ, իսկ ուսումնասիրվող առարկաները ոչ թե գիտաճյուղեր են, այլ առանձին գիտություններ։ Այս ֆակուլտետն օգնել է ձևավորել լայն աշխարհայացք, երևույթներին վերաբերել քննադատորեն և ինքնուրույն եզրահանգումներ անել։ Այստեղ ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, շրջապատ, որոնց շնորհիվ այսօր այն եմ, ինչ կամ։

— Աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորելուց զատ՝ ինչո՞վ եք զբաղվում։

— Այս տարի, առկա իրավիճակով պայմանավորված, որոշեցի փոփոխություն մտցնել իմ կյանքում ու ևս մեկ մասնագիտություն յուրացնել։ Դիմեցի ՀՊՄՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա։ Նաև նշեմ, որ զբաղեցնում եմ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի պաշտոնը։ Ուսումից բացի՝ արդեն երրորդ տարին է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» եմ դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատությունում։ Շատ սիրում եմ աշխատանքս ու աշակերտներիս, շատ ավելի ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գիտելիքներս նրանց հաղորդելու։

Հոբբիներ ունե՞ք։

— Շատ սիրում եմ երգել ու նվագել։ Դաշնակահար եմ և 7 տարի երաժշտական դպրոց եմ հաճախել։

Ի՞նչ ծրագրեր կան՝ ապագայի հետ կապված։

— Այս պահին գերնպատակս ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրան բարեհաջող ավարտելուց հետո ասպիրանտուրա ընդունվելն է։

Կպատմե՞ք «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթին Ձեր մասնակցության մասին:

— Մրցույթին դիմել եմ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, երբ շատ քիչ ժամանակ էր մնացել պատրաստվելու համար։ Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանին, որի շնորհիվ տեղեկացա մրցույթի մասին։ Համալսարանական փուլը հաղթահարելուց հետո հաղթեցի նաև նախարարության փուլում՝ հումանիտար ոլորտում արժանանալով առաջին կարգի մրցանակի։

— Ունե՞ք կյանքի կարգախոս, ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։

— Միշտ առա՛ջ։ Երբեք տեղում չեմ դոփում և միշտ ձգտում եմ ավելիին։ Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, բայց պերֆեկցիոնիստ եմ, միշտ ձգտում եմ լավագույնին։ Պետք է առաջ նայել, երբեք չհիասթափվել փոքր անհաջողություններից։ Ես աշակերտներիս միշտ ասում եմ, որ եթե ինչ-որ բան չի հաջողվում, ուրեմն դեռ դրա ժամանակը չէր, կգա ժամանակ, որ մենք մեր արածի համար արժանի հատուցում կստանանք։ Ոգեշնչման աղբյուրս իմ դասախոսներն են. նրանք ինձ համար կերպարներ են, որոնցից օրինակ եմ վերցնում։ Աշակերտներս նույնպես ոգեշնչում են ինձ։ Նրանց ամեն հաջողությամբ ուրախանում եմ և համարում դա սեփական ձեռքբերում։

— Որպես լավագույն ուսանող՝ ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին։

— Բոլոր ուսանողներին հորդորում եմ սովորել շատ լավ, բայց սովորելու հետ մեկտեղ չմոռանալ համալսարանական կյանքը, ընկերներին, անդամակցել ուսանողական կառույցներին, կարողանալ հաճելին համատեղել օգտակարի հետ։ Նաև խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ սկսել զբաղվել գիտական գործունեությամբ։

Comment here