ԳլխավորԼուր

Տարկետման հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար

«Ֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Քիմիա». անվճար համակարգով Երևանի պետական համալսարանի այս 6 կրթական ծրագրեր ընդունված արական սեռի դիմորդները կունենան տարկետման իրավունք:

Պետության համար առաջնահերթ և մեծ կարևորություն ունեցող բնագիտամաթեմատիկական ուղղությունների վերոնշյալ մասնագիտությունների համար բակալավրիատում ԵՊՀ-ին հատկացվել է 86 անվճար տեղ (ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ (թափուր)):

Նշված կրթական ծրագրերից որևէ մեկն անվճար համակարգով ընդունվելուց հետո յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը, ուսանողը պետք է զինվորական կոմիսարիատ ներկայացնի համապատասխան տեղեկանք առ այն, որ սովորում է Երևանի պետական համալսարանում (տվյալ տեղեկանքը չներկայացնելու կամ ուշ ներկայացնելու դեպքում ուսանողը կզրկվի տարկետման իրավունքից):

Անվճար համակարգով ընդունված և ռոտացիայի արդյունքում վճարովի համակարգ տեղափոխված ուսանողը կպահպանի տարկետման իրավունքը մինչև ուսումնառության ավարտը՝ վճարելով տվյալ ուստարվա համար սահմանված ուսման վարձավճարը, սակայն եթե նշված կրթական ծրագրերով ընդունված դիմորդը տեղափոխվի այլ ֆակուլտետ կամ բուհ, կկորցնի տարկետման իրավունքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 10-ը կանցկացվի բուհերի ընդունելության քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը, որը կազմակերպվելու է առցանց եղանակով՝ dimord.am կայքէջի միջոցով: