ԳլխավորԽոսքՀայաստանս

Իջե՛ք ծառերից, տիկնայք ու հատկապես պարոնայք

Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ հայերս, մի քանի հազար տարի առաջ քիչումիչ զարգանալով՝ իջել ենք ծառերից ու դուրս եկել քարանձավներից, «վռազի մեջ» մշակույթ ստեղծել, այն «հինավուրց»-ացրել ու կրկին բարձրացել ծառերը՝ այնտեղից թքելու, հայհոյելու, զազրախոսելու, իրար ձեռքից ուտելիքի պատառներ փախցնելու, մարմնի տարբեր մասեր ցուցադրելու ու հրճվելու, աղտոտելու համար։ Իսկ հենց մեկը շփոթված կամ տարակուսած հարցնի՝ այ մարդ, էս ինչ եք անում, միանգամից աչքը մտցնենք ու շատ էլ լավ անենք՝ մեր հինավուրցը։

…Ավտոբուսի մեջ առաջին հայացքից մի տիկին (ակնհայտ անխնամ չէր, չէր բղավում, հրելիս չէր ասում՝ «մի հատ տեղ տվեք անցնեմ, հա, կարող ա գիտեք… որ փռվել եք») մեղմ ու ոչ այնքան բարձր, որ դիմագծերը չաղճատվեն, ու ոչ այնքան ցածր, որ լսելի չլինի, ասաց.

-Ախր մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեք, ինչ կլինի։

Խոսքն ուղղված էր Ֆրանսիայի հրապարակի բեմից ավտոբուս լցվող հռետորի ձայնին ու ընդհանրապես նրանց, ովքեր «բան ու գործները թողած»՝ եկել-փակել են խաչմերուկը, Ազատության հրապարակում հավաքվելու ու էս խեղճ ժողովրդի համար անհարմարություններ չստեղծելու փոխարեն։

Քիչ անց.

— Հա, հարեւանս ասում էր՝ չտանե՞մ պալատկես դրանց ծախեմ, հենա ոնց որ շատ էլ շարել են։

Խցանման մեջ կանգնած ավտոբուսը չէր արձագանքում քիչ-քիչ կնիկ դարձող ուղեւորուհու մենախոսությանը։

Կես կանգառ անց անառողջ տեսքով, երեկվա խմածի հոտերով օծված, նիհար-միհար մի 55-60 տարվա մաշվածությամբ արական սեռի մի արարած բարձրացավ ու միանգամից բղավեց.

-Էդտեղ չե՞ք կարըմ, հլը առաջացեք, մարդ բարձրանա։

«Տեղ չկա, ավտոբուսն ուշացել է, խցանում է» քրթմնջոցներին ի պատասխան գոռաց.

-Բա ինչ էիք ուզում, էսօր սրանք (գխով փորձում է ցույց տալ Ֆրանսիայի հրապարակը), ժամը 12-ին Մասիվի ճամփեն փակել էին, տենց էլ պտի ըլներ։

Մտքի այդ թռիչքը դեռ չմարսած՝ թե ինչ կապ ունի կեսօրի երթը ժամը 7-ին ուշացած ավտոբուսի հետ, արարածն արդեն ծղրտաց.

-Դրանք սաղ փողով են էդտեղ, էն օրը չլսաք, որ տելեվիզրով ցույց տվին։ Հա, մի 20 հազար մարդը վեկալըմ ա։

Հրապարակից ձայնը մեկ-մեկ ավտոբուս էլ էր հասնում.

-Ժողովուրդ, հայրենիք ենք կորցնում, ժողովուրդ, ջահելների արյունը հենց այնպես չի թափվել, ժողովուրդ, տեր եղեք ձեր երկրին, ժողովուրդ…։

Ավտոբուսում իրար գրկած-հպված-հրող-ծամող-խոսացող-բղավող-տրտնջացող-նստած-ոտքերի վրա տարուբերվող-կիսապառկած գունդը, որ էլի մի մասն էր այդ ժողովրդի, Բաղրամյանով բարձրանում էր՝ ուրախացած, որ «հեսա» վերջապես տուն կհասնեն ու կուտեն հանապազօրյան… Հա, ու դրանց ձենն էլ չեն լսի, որ ուզում են հետ բերել էն թալանչիներին, որոնց օրոք 10 զոհ եղավ, մի հոգու էլ էն կաֆեում… Արցախը էրեւանում չեն պաշտպանում, իրանց Արցախը թո գնան դիրքերում պահեն…

Ու քանի որ անիմաստ է այդպես մտածողներին հարցնել. «Իսկ չէիք ասի՝ ի՞նչ արժե 4000 զոհի արյունը, կամ շատ դժգո՞ւյն էին Շուշին ու Հադրութը», մի բան է մնում անել. անկեղծորեն խոստովանել, որ մենք շատ հեռու ենք ազգ կոչվելուց ու նույն լեզվով հաղորդակցվողներին ծառերից իջեցնելու հնար մոգոնենք։

Ու քայլ առաջինը պետք է լինի կտրել ապազգային, ապապետական, ներազգային թշնամանք սերմանող լեզուները ու կոտրել այն ձեռքերը, որոնք դրոշ են պոկում։ Ընդամենը։ Անկախ նրանից՝ թե քանի տարվա մարմին ունի չարախոս հակահայը։ Կամ հումանիտար միջանցք տալ՝ «արագի մեջ» իրենց հոգեհարազատ երկրներ հասնելու համար։

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ