ԳլխավորԼուր

Բոլոր որոշումները պետք է լինեն ուսանողամետ. ԱրՊՀ ռեկտոր

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյան

Հունվարի 10-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի արգելափակման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։ Ռեկտորատը հարցը քննարկել և կայացրել է որոշում, ըստ որի՝

• ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Հանրապետությունից դուրս, ինչպես նաև անհատական ծայրահեղ պատճառներով առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պարապմունքներին ու քննություններին չմասնակցած ուսանողներին թույլատրել քննությունները հանձնել մինչև պարտքերի մարման 2-րդ շրջանի ավարտը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստուգումները կազմակերպել հեռավար եղանակով։

• Արցախի Հանրապետությունից դուրս, ինչպես նաև անհատական ծայրահեղ պատճառներով չներկայացած հեռակա ուսուցման համակարգի ավարտական խմբերի ուսանողներին թույլատրել փորձուսուցումն անցնել համապատասխան վայրում՝ ներկայացնելով տեղեկանք։

Սույն որոշման կատարումը հանձնարարել ֆակուլտետների դեկաններին ու փորձուսուցման բաժնի պետին, վերահսկումը՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանին։

Նիստի օրակարգային հարցերով ֆակուլտետների դեկանները տեղեկատվություն են ներկայացրել առկա ուսուցման համակարգի քննաշրջանի, հեռակա ուսուցման համակարգի պարապմունքների ընթացքի մասին, փորձուսուցման բաժնի պետը՝ հեռակա ուսուցման համակարգի ավարտական խմբերի փորձուսուցման կազմակերպման մասին։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն առկա խնդիրների լուծման և ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների պատասխանատուներին՝ հորդորելով ստեղծված պայմաններում աշխատանքները կազմակերպել և որոշումները կայացնել՝ հիմքում ունենալով և՛ կրթության որակի ապահովումը, և ուսանողների ու աշխատակիցների շահերը։

Հեռակա ուսուցման համակարգի պարապմունքներին ներկայանալ չկարողացող ուսանողների համար որպես ուսումնական նյութերի տրամադրման միջոց կօգտագործվի նաև համալսարանում ներդրված հեռավար ուսուցման Google Classroom հարթակը։

«Բոլոր որոշումները պետք է լինեն ուսանողամետ, միաժամանակ նաև՝ միտված կրթության որակի ապահովմանը։ Պետք է գոծադրենք հնարավոր ջանքերը՝ այս դժվար իրավիճակում ուսումնական գործընթացը լիարժեք և բնականոն հունով կազմակերպելու համար»,-ընդգծել է ռեկտոր Արմեն Սարգսյանը։