ԳլխավորԼուր

Միասնական քննություններին սպասվածից շատ դիմորդ է հայտագրվել

ՀՀ-ում 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Միասնական քննությունների առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում։ Մենք սպասում էինք, որ նրանց թիվը կարող էր լինել 3000-5000, բայց այսօր հայտագրվածները 6871–ն են։ Ամենից շատ դիմորդ հայտագրվել է «Անգլերեն» լեզվի քննությունը հանձնելու համար` 3139 հոգի։ «Մաթեմատիկա» հանձնել ցանկանում է 2950 դիմորդ, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունն էլ հանձնելու համար հայտագրվել է 2018 դիմորդ»,– ասաց Նասիբյանը։

Նա ընդգծեց, որ մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը 1000-ից պակաս է` «Կենսաբանություն» 887 դիմորդ, «Քիմիա»` 738, «Հայոց պատմություն»` 582, իսկ մյուս առարկաների դեպքում ցանկացողներն ավելի քիչ են։

Նասիբյանի խոսքով` ի տարբերություն ամառային քննաշրջանների կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ` հունվար–փետրվար ամիսներին կարող են խնդիրներ լինել։

«Մեզ համար այս անգամ դժվար էր կենտրոններ ընտրել կամ ավանդական տեղերում քննություններ անցկացնել։ Այս խնդիրը պայմանավորված է ջեռուցման համակարգով, քանի որ կան դպրոցներ, որոնց մարզադահլիճներում չկա համապատասխան ջերմություն։ Այս հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմեն Երևանի քաղաքապետին ու մարզպետներին` դպրոցներում քննությունների ընթացքում, համապատասխան ջերմություն ապահովելու համար»,– ասաց ԳԹԿ փոխտնօրենը։

Նա նաև հավելեց, որ այս անգամ տեսախցիկներ էլ չեն լինի քննական կենտրոններում, քանի որ ժամանակը քիչ էր ու մրցույթ չէին կարող հայտարարել։

Անդրադառնալով պետական ավարտական քննություններին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ պետական ավարտական քննությունները սկսվել են հունվարի 10-ից: Ամենամեծ թիվը գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 9165, «Մաթեմատիկայից»՝ 6218, «Հայոց լեզու և գրականությունից»՝ 4097: Կան նաև շրջանավարտներ, որոնք ցանկացել են թեստը թարգմանել ռուսերեն, ինչն իրականացվել է ըստ ընթացակարգի:

ԳԹԿ փոխտնօրենը հաջողություն է մաղթել բոլոր շրջանավարտներին ու դիմորդներին և կոչ արել օգտվել նոր կարգի հնարավորություններից, որոնք ի նպաստ դիմորդի են:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: