ԳլխավորԼուր

Շիրակի մարզի 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը. օգոստոսյան խորհրդակցություններ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են համավարակի կանոններին առնչվող պարզաբանումներ: Օգոստոսի 24-26-ն անցկացվել են Արմավիրի, Արարատի, Շիրակի և Լոռու մարզերի խորհրդակցությունները:

Արարատ և Արմավիր. դպրոցները դիմակայեցին պատերազմին և համավարակին

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում հրավիրված՝ Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին՝ համավարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված անցյալ ուսումնական տարվա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար. «Մենք անցանք պատերազմի, համավարակի միջով, և կրթական հաստատություններն իրենց վրա վերցրեցին այդ խնդիրների բացասական ազդեցությունը: Այս ընթացքում դուք կազմակերպել եք ոչ միայն ձեր դպրոցների աշակերտների կրթությունը, այլև ապահովել եք կրթության իրավունքը Արցախից մեզ մոտ գտնվող հարյուրավոր երեխաների համար, ինչը շատ կարևոր և գնահատանքի արժանի է»:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:

Շիրակ. գրանցվել են ընդունելության լավ արդյունքներ

Շիրակի մարզի խորհրդակցությունը տեղի է ունեցել Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։ 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունված դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործ, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:

Comment here