ԳլխավորԼուր

«Ադրբեջանի կրթական համակարգը». դասախոսություն՝ ԱրՊՀ-ում

Լուսինե Ղարախանյանը Արցախի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Ապրիլի 4-ին, ԱՀ նախագահի խորհրդական, ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը Արցախի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ադրբեջանի կրթական համակարգը» թեմայով, տեղեկացնում են ԱրՊՀ-ից:

2010 թվականից Լ. Ղարախանյանն սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի բանահյուսական արժեքները,այնուհետև՝ մամուլը, առանձին նյութեր, և եկել այն համոզման,որ սերնդի տարբեր տարիքային խմբերի հետ տարվում է համակարգված կոնկրետ աշխատանք:

«Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության առաջնահերթություններից է թշնամու կերպարի ձևավորումը, ընդ որում, այս գործընթացը սկսվում է նախադպրոցական հիմնարկներից, ապա՝ մուտք գործում հանրակրթական ծրագիր: Չեմ հասցրել բուհական համակարգ մտնել, բայց ակադեմիան պատմության կեղծարարությամբ անգերազանցելի է և ամեն ինչ անում է Ադրբեջան պետության պատմության ստեղծման համար: Հանրակրթական դպրոցների բոլոր դասագրքերում, որոնք նաև թարգմանում են ռուսերեն լեզվով ռուսական դպրոցների համար, հայատյացությունը արմատավորված է: Ագրեսիայի հանդիպում ենք նաև երգարվեստում: 44-օրյա պատերազմից հետո լույս են ընծայվել գրքեր, որոնք պատմում են, թե իբրև Շուշին ադրբեջանական քաղաք է, այնուհետև՝ Նախիջևանը, Գյանջան: Այդ բոլոր նյութերը ցույց են տալիս, թե նրանք ինչով են այնտեղ զբաղված»,-ներկայացրել է Լ. Ղարախանյանը:

Բանախոսը նշել է, որ թուրքական գորշ գայլերի տոտեմը սկսվում է ընտանիքներից:

Նա որպես կարևոր թեզ ընգծել է այն հանգամանքը, որ Ղարաբաղը դիտվում է որպես Ադրբեջանի ինքնության, գաղափարախոսության սնուցման, կարևոր վեկտոր:

«Մեր հանրակրթական ծրագրերում մինչև 12-րդ դասարանը ներառյալ թշնամու կերպարի քարոզ չկա: Կա 1915 թվականի ցեղասպանություն, Արցախյան առաջին պատերազմ, որտեղ ընդամենը մի քանի հերոսների անուններ են հիշատակվում, որը նախատեսված է մեկից երկու ժամ, իսկ ավագ դպրոցում՝ երկուսից չորս ժամ: Այսինքն՝ շատ քիչ ժամաքանակ: Եվ արդյոք մեր մեծացնող երեխան համապատասխանում է գաղափարական առումով և պատրաստ է իրեն պաշտպանել՝ գտնվելով այդպիսի հարևանների մոտ: Պետք է աշխատենք և սա էլ իմ պայքարն է»,-ընդհանրացրել է բանախոսը: