Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի կողմից «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված օլիմպիադաների արդյունքների ամփոփման և պարգևատրման արարողություն, հայտնում են ԱրՊՀ-ից։
Օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով, գրքերով, մյուս մասնակիցները՝ հավաստագրերով ու գրքերով:
Բնագիտական ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը կարևորել է բնագիտական առարկաներից օլիմպիադաներ կազմակերպելը, բուհ-դպրոց կապը սերտացնելը, բնագիտական առարկաների հանդեպ դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնելը:
Շնորհավորելով մասնակիցներին՝ նա ֆակուլտետի անունից պատրաստակամություն է հայտնել ավելի սերտացնելու գործակցությունը հանրակրթական դպրոցների հետ և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու:
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ. Գայանե Պետրոսյանը ևս շնորհավորել է մասնակիցներին՝ կարևորելով ժամանակակից աշխարհում բնագիտական առարկաների դերը և խորհուրդներ հղել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցի շուրջ:
Աշակերտների համար միջուկային ֆիզիկայի վերաբերյալ ակնարկային դասախոսությամբ հանդես է եկել մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մելս Մինասյանը:
Քննարկվել են նաև օլիմպիադաների ընթացքում առաջադրված խնդիրների վերաբերյալ անհասկանալի հարցերը: