ԳլխավորԼուր

Ամփոփվեց ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբար 2021-ը

Ամփոփվեց օգոստոսի 1-ին մեկնարկած Արցախի պետական համալսարանի ամառային դպրոց-ճամբարը, որին մասնակցել են ԱՀ և ՀՀ բուհերից 100 ուսանողներ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։ Ճամբարի ընթացքում ուսանողները մասնակցել են կրթական, մշակութային, ճանաչողական, մարզամշակութային, ժամանցային միջոցառումների։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ պատերազմից հետո կազմակերպվող բոլոր միջոցառումների առանցքում մեր հերոս տղաներն են ու նրանց սխրանքը, որը պարտավորեցնող է։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս միջոցառումը, և մեր ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հանգիստն արդյունավետ կազմակերպելու՝ համադրելով հաճելին ու օգտակարը»,-նշել է ռեկտորը։

Ճամբարականներին ուղղված իր խոսքում լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանն ընդգծել է, որ Արցախ այցելելն ու երիտասարդների հետ հանդիպելն իր համար վերականգնողական նշանակություն ունի։

«Այստեղ կա այնպիսի երիտասարդություն, որին կարելի է վստահել։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր կորուստները, բացի մարդկային կորուստներից, ժամանակավորապես են, քանի որ ունենք այսպիսի երիտասարդություն»,-նշել է Զ.Քեշիշյանը։

Ճամբարի շրջանակներում ուսանողները այցելել են Գանձասարի վանական համալիր, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Օխտը եղցի վանք և այլ պատմամշակութային վայրեր, մասնակցել հանդիպումների, դասընթացների ու այլ միջոցառումների։

«Ճամբարից մեզ հետ տանելու ենք ջերմ տպավորություններ, նոր գիտելիքներ, կարողություններ, ճամբարի ձևաչափով միջբուհական համագործակցությունը մեզ տվել է նոր ընկերներ։ Շնորհակալություն ԱրՊՀ աշխատակազմին՝ այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար։ ԱրՊՀ-ն իմ սրտի բուհն է, և այստեղ մենք բոլորս մի ընտանիքի պես ենք»,-նշել է ուսանողուհի Տաթևիկ Ղահրամանյանը։

Փակման արարողությանը ուսանողները հանդես են եկել հայրենասիրական, ազգագրական կատարումներով։ Իսկ ակտիվություն ցուցաբերած թիմերը խրախուսվել են պատվոգրերով։

Comment here