ԳլխավորԼուր

20 երկրից դիմել են «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին

Ավարտվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագրին դիմել են 60 սփյուռքահայ երիտասարդ ակտիվիստներ 20 երկրներից՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Ուկրաինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլն:

Դիմորդները 22-35 տարեկան են, առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Սփյուռքահայ երիտասարդների հետ կանցկացվեն առցանց հարցազրույցներ, և ընտրված 20 մասնակիցները սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը կժամանեն Հայաստան, կանցնեն վերապատրաստման հագեցած դասընթաց՝ ընդլայնելով իրենց պատկերացումներն ու գիտելիքները Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտների մասին: Երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներ վերադառնալուց հետո մեկ տարի կիրականացնեն համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:

Ծրագիրն իրականացվում է արդեն 2-րդ անգամ: Արդեն իսկ 20 շրջանավարտ երիտասարդ դեսպաններ կան 16 երկրներում:

Հիշեցնենք, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: