ԳլխավորԼուր

Արցախի ճակատագիրը համազգային պատասխանատվություն է. հայտարարություն 

Արցախի դրոշը

Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատև ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու սույն հայտարարությանը։

Նախաձեռնող խումբը զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից։

Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է

2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաև ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների և կեղծ խաղաղասիրության:

Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսևորված հետևյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.

Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է

Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ

Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ

Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական  առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի և Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:

Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը և արժանապատվությունը։

Հայրենիքը վեր է ամեն ինչից և չի կարող վտանգվել որևէ պարագայում։

Նախաձեռնող խումբ

Արտակ Բշտիկյան Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական
Վահագն Մելիքյան ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան
Արսեն Գասպարյան Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր
Ֆադեյ Չարչօղլյան Արտակարգ և լիազոր դեսպան
Կարեն Միրզոյան Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Զարմինե Զեյթունցյան Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ
Ավետիք Հարությունյան Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Սույն հայտարարությանը միացել են՝

Րաֆֆի Հովհաննիսյանը (նախկին արտգործնախարար), Վարդան Օսկանյանը (նախկին արտգործնախարար),  Արա Այվազյանը (նախկին արտգործնախարար), Ավետ Ադոնցը (արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար), Արտակ Ապիտոնյանը (արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար), Գագիկ Ղալաչյանը (արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար), Ռուբեն Կարապետյանը (արտակարգ և լիազոր դեսպան), Գրիգոր Առաքելյան (արտակարգ և լիազոր դեսպան), Վարդան Ասոյանը (արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար), Կարեն Դադուրյանը (արտգործնախարարի նախկին խորհրդական),

Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ նախկին պատգամավոր), Մետաքսե Հակոբյանը (Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր), Ռուբեն Մելիքյանը (Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան), Վիգեն Սոնենց-Փափազյանը (իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան ափի նախկին տնօրեն), Վարուժան Իսկենդերյանը (Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ),

Աշոտ Մելքոնյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս), Ռուբեն Սաֆրաստյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս), Արամ Սիմոնյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ), Գուրգեն Մելիքյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր), Արծրուն Ավագյանը (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Սամվել Մուրադյանը (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Մարատ Գրիգորյանը (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան), Էդիկ Մինասյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Անժելա Աչիկգյոզյանը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Յուրա Ավետիսյանը (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Վարդան Ոսկանյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր), Վարուժան Գեղամյանը (պատմական գիտությունների թեկնածու),

Արաքս Մանսուրյանը (օպերային երգչուհի, պրոֆեսոր), Հրանտ Թոխատյանը (ՀՀ ժողովրդական արտիստ), Դավիթ Ամալյանը (ՀՀ վաստակավոր արտիստ),  Շուշան Պետրոսյանը (ՀՀ վաստակավոր արտիստ), Արմեն Հյուսնունցը (արվեստի վաստակավոր գործիչ), Ալլա Լևոնյանը (ՀՀ վաստակավոր արտիստ), Արամ Գևորգյանը (Արամո) (ՀՀ վաստակավոր արտիստ), Մհեր Մկրտչյանը (պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր), Դավիթ Սահակյանցը (արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-մուլտիպլիկատոր), Նարեկ Դուրյանը (բեմադրիչ, դերասան), Կարեն Գրիգորյանը (մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան և հեռուստահաղորդավար), Արաբո Իսպիրյանը (երգիչ), Հովհաննես Գալստյանը (կինոռեժիսոր, պրոդյուսեր), Վահե Յանը (կինոռեժիսոր), Արթուր Գևորգյանը (քանդակագործ), Վահե Բեգոյանը («Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր)