ԳլխավորԼուր

Կշարունակվեն ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը. Անդրեասյան

Ֆրանսերենի ուսուցիչներ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարարության բյուջեի նախագիծը ներկայացնելիս նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրառանալով ուսուցիչների ատեստավորմանը, մասնավորապես նշեց, որ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում շուրջ 4700 ուսուցիչներ կունենան աշխատավարձի բարձրացում:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Այս տարի ունեինք 6320 դիմորդ: Նրանցից 4324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ այս տարի, ինչպես նախորդ տարի, կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը համընկավ մեր երկրի համար խիստ բարդ և անորոշ ժամանակահատվածի հետ, բայց, ի պատիվ մեր ուսուցիչների, նրանք եկան ատեստավորմանը՝ չնայած դժվարություններին: Նրանցից շատերը՝ 1855 ուսուցիչ (43%), կամավոր ատեստավորման արդյունքում հաղթահարել է 70%-ի շեմը: Եվս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք: Նոր փոփոխությամբ՝ 60-69% հավաքած ուսուցիչները կունենան դրույքաչափի բարձրացում, ընդ որում՝ սա վերաբերում է նաև նախորդ տարիներին այս ցուցանիշը գրանցած անձանց: Այս տարվա կամավոր ատեստավորման և վերոնշյալ դրույքաչափի փոփոխության արդյունքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 3400 ուսուցիչ կունենա աշխատավարձի բարձրացում»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, որ շարունակվելու են հավելավճարի նոր ծրագրերը, որոնք ուղղված են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչներին (աշխատավարձի 25 տոկոս ավելացում) և գյուղական բնակավայրերի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների դասավանդողներին: Այս ծրագրերի շահառուներից շուրջ 8200-ը բնագիտական առարկաների, իսկ շուրջ 4000-ը՝ գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներ են:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցվածության մեխանիզմն այս տարի առաջին անգամ կիրառվել է նաև նախադպրոցական կրթության ոլորտում, և արդեն կան նախադպրոցական ուսհաստատությունների՝ տարակարգ ունեցող աշխատակիցներ: 2024 թվականին այս գործընթացը ևս լինելու է շարունակական:

«Նոր ծրագրերով նախատեսվում է քոլեջների և ուսումնարանների դասախոսների ատեստավորման և տարակարգի ներդրումը, ինչի համար բյուջեում արդեն նախատեսված են միջոցներ: Այժմ մշակվում են կարգերը: Եկող տարվանից քոլեջների և ուսումնարանների դասախոսները ևս հնարավորություն կունենան իրենց վարձատրությունը բարձրացնել նմանատիպ մեխանիզմներով»,- ասել է նախարարը:

Շարունակվելու է նաև արտադպրոցական հաստատությունների՝ երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը: Նախատեսվում է, որ 2024 թվականից այն կիրականացվի 35 առարկաների և մարզաձևերի համար: Նախարարն ընդգծել է, որ սա ևս շարունակական գործընթաց կլինի, և այստեղ ֆիքսված հավելավճարներ են գործում 60, 80 և 100 հազար դրամի չափով՝ հարկերը և տուրքերը հանած: