Հայաստանում օրենսդրությամբ «բուլինգ» հասկացությունը սահմանված չէ, թեև գործող օրենսդրական 17 կարգավորումներն անդրադառնում են բուլինգի դրսևորումներին․ այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հրապարակած արտահերթ զեկույցից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանը փաստում է, որ կարևոր է ռազմավարական փաստաթղթերում բուլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման ուղղությամբ իրականացվելիք գործողությունների նախատեսումը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԻՊ-ին հայտնել է, որ «բուլինգ» եզրույթը դեռևս օրենսդրորեն ամրագրված չէ և ԿԳՄՍՆ-ն լիազորող նորմ չունի իրավական ակտ սահմանելու բռնության և բուլինգի վերաբերյալ, հանրակրթական ուսումնական հաստատությունները չունեն բուլինգի բացահայտման և արձագանքման համակարգված մեխանիզմներ, փաստագրում և արձանագրում․
«Այդուհանդերձ, ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող ՀԿՄ-ն ունի հասանելի հեռախոսակապ, էլեկտրոնային հասցե, կայքէջ և 20 սոցիալական այլ հարթակներ, որոնց միջոցով ստանում է բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ և արձագանքում դրանց»։
Մարդու իրավունքների պաշտպանը, ընդգծելով, որ գործող իրավական կարգավորումները բավարար են բուլինգի դրսևորումներից երեխայի իրավունքները պաշտպանելու և նրա արժանապատվությունը ոտնահարող գործողություններին պատշաճ արձագանքելու համար, այնուամենայնիվ, արձանագրել է․
«Ուսումնական հաստատություններ կատարված այցերի ընթացքում որևէ երեխա տեղեկացված չի եղել վերը նշված կայքէջի, հասանելի հեռախոսակապի, էլեկտրոնային հասցեի կամ սոցիալական այլ հարթակների միջոցով բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունների մասին»։
ՄԻՊ-ը շեշտել է, որ մասնավորապես՝ կայքէջը հասանելի ձևով երեխաներին չի տրամադրում տեղեկատվություն բողոք ներկայացնելու հնարավորության վերաբերյալ, չի ապահովում բողոքի ներկայացման գաղտնիությունը, չի պարունակում ձայնային ցուցումներ և այլն։
Իսկ կայքում նշված հեռախոսահամարին իրականացված փորձնական զանգին ի պատասխան ՀՄԿ-ի աշխատակիցը հայտնել է, որ երեխան առանց ծնողի չի կարող դիմել և հավելել, որ «…չի պատկերացնում դեպք, որ երեխան առանց ծնողի դիմում ներկայացնի»:
Երևանի քաղաքապետարանն էլ ՄԻՊ-ին հայտնել է, որ բուլինգի դեպքերին արձագանքելու մեխանիզմներից է համագործակցությունը ինչպես հանրապետական, այնպես էլ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Պարզաբանումների համաձայն՝ բուլինգի վերաբերյալ հաղորդումներ ընդունելու մեխանիզմ քաղաքապետարանի կողմից չկա ներդրված:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ ներկայացրել է պարզաբանումներ մարզային ենթակայության ներքո գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների վերաբերյալ։
«Ներկայացված պարզաբանումների ուսումնասիրությունը վկայում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեծամասնությունում բուլինգի վերաբերյալ երեխաների կողմից հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմ մշակված չէ։ Որպես այդպիսի մեխանիզմ որոշ դեպքերում վկայակոչվել է «Թեժ գիծ» հեռախոսակապը, իսկ որոշ ուսումնական հաստատություններում «Google form» համապատասխան հարցաշարը, որոնք սակայն որոշ դեպքերում կրում են ձևական բնույթ, քանի որ ինչպես արձանագրվել է կատարված այցերի և հարցումների արդյունքում, դրանց մասին աշակերտների և ուսուցիչների մեծամասնությունը տեղյակ չի եղել»,-ասված է զեկույցում։
Նշենք, որ ուսումնասիրության շրջանակում հարցմանը մասնակցել են 940 երեխա, 100 ուսուցիչ, 15 դպրոցի տնօրեն, 8 հոգեբան և 5 սոցիալական մանկավարժ: Դիտարկվել են 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված դեպքերը և բողոքները։