ԳլխավորՄի կտոր գիրք

«Պատվի համար». Շիրվանզադե

Գրող Ալեքսանդր Շիրվանզադեի (18.04.1859-07.08.1935) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատվածներ նրա «Պատվի համար» պիեսից։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին: Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «Փող տուր, թե չէ կսպանեմ»: Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան: Մի կերպ բաժանեցի: Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում են, հարուստի կնիկ եմ:

ՍԱՂԱԹԵԼ. է՜ է, ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է: Մեկի քանդածը մյուսը շինում է:

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին: Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք: Երկուսն էլ աստծու ճանապարհից դուրս են: Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի պատիժն է:

ՍԱՂԱԹԵԼ. Օրհնվի նրա կտրողի ձեռները: Փողի պես էլ քաղցր բան կա՞ աշխարհում:

ԵՐԱՆՈԻՀԻ. Հեթանոսնե՜ր, աստված չունիք, Բեհեղզեբուղին եք երկրպագություն տալիս:

ՍԱՂԱԹԵԼ. է՜է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը:

ԵՐԱՆՈՒՀԻ. Լույս գա նրա գերեզմանի վրա: Նա ասում էր փողը հնարված է սատանայի ձեռքով, որ մարդկանց գեհենը տանի:

ՍԱՂԱԹԵԼ. Ասում էր, որովհետև, քահանա էր, իսկ մենք աշխարհականներ ենք, մե՞զ ինչ:

ԵՐԱՆՈՒՀԻ. Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել: Մի՛ պաշտիր փողը կուռքի պես:

ՍԱՂԱԹԵԼ. Քույր, աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է: Ահեղ դատաստան-մատաստան չկա:

ԵՐԱՆՈՒՀԻ. (Զարհուրած) Կա, անհավատ, կա:

ՍԱՂԱԹԵԼ. Դե հը՜, կա, թող լինի: Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է ասում: Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել` իրանց այրված սիրտը մխիթարելու համար: Որդիդ է ասում, լսո՞ւմ ես, ասում է` գիտության խոսքն է:

ԵՐԱՆՈՒՀԻ. Անիծվի ձեր գիտությունը:

ՍԱՂԱԹԵԼ. Ինչո՞ւ: Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական լո՞ւյս է տվել: Ասա խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, տելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե քո տերտերները:

ԵՐԱՆՈՒՀԻ. Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի:

ՍԱՂԱԹԵԼ. Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարով հետ ես մնացել: Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ի՛նչպես են ապրում մյուս հարուստների կանայք: Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վազում ես… Ահեղ դատաստան: (Փոքրիկ պաուզա): Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարել՝  Մարգարիտը. ճշմարտությո՜ւն: Երեկ սկսեց գլխիս ավետարան կարդալ, «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտությունով ղեկավարվել»:

ԵՐԱՆՈՒՀԻ. Վատ բան է ասել, հաա՞:

ՍԱՂԱԹԵԼ. Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ հազիվ թե լինի այս քաղաքում: Բայց ի՞նչ թողեց մեզ համար: Վերջին կոպեկի կարոտություն, սով: Մեռավ թե չէ, սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ այս տունը գցեց: Ի՞նչ պիտի անեինք, եթե Էլիզբարովը քեզ հետ չամուսնանար: Հանգուցյալը մի արհեստ էլ չէր սովորեցրել ինձ: Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն` իր նման քաղցածի մեկը: Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին: Ապրել չգիտեք: Այ, մեծ աղջիկդ, քեֆս է գալիս, աշխարհի բերանն է պատռում: Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է բանեցնում: Մախլաս, դու իսկի նման չես միլիոնատերի կնոջ: Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի ձայնն է…

***

ՍԱՂԱԹԵԼ. Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում:

ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:

ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տերողորմյան ձեռների մեջ տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:

ՍԱՂԱԹԵԼ. էհ, դու էլ խոսքի տակին գլխին — խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում: Ափսոս, որ փորը կշտացնող չէ:

ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է:

ՍԱՂԱԹԵԼ. Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:

ԿԱՐԻՆՑԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:

ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ինչպե՛ս չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օր վրա մաշվում է տանջանքից…

 

Comment here