ԳլխավորՄի կտոր գիրք

Յարոսլավ Հաշեկ. «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Շվեյկի արձանը Լեհաստանի Սանոկ քաղաքում

Ներկայացնում ենք հատվածներ չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկի (30 ապրիլի 1883 — 3 հունվարի, 1923) «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպից։

***

Հետագայում նկարագրելով իր գժանոցում լինելը, Շվեյկը բացառիկ գովեստով էր խոսում այդ հաստատության մասին։

– Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե այդ գժերն ինչո՞ւ են զայրանում, որ իրենց պահում են այնտեղ։ Այնտեղ մարդ կարող է հատակին տկլոր սողալ, չախկալի պես կաղկանձել, դիվոտել ու կծել։ Եթե մեկնումեկը նույնն աներ փողոցում, անցորդները զարմացած կմնային, իսկ այնտեղ դա սովորական բան է։ Այնտեղ այնպիսի ազատություն է, որ սոցիալիստներն իսկ չեն երազել։ Այնտեղ մարդ կարող է իրեն համարել և՛ աստված, և՛ Մարիամ աստվածածին, և՛ Հռոմի պապ, և՛ Անգլիայի թագավոր, և՛ թագավոր կայսր, և՛ սբ. Վացլավ, ըստ որում վերջինս շարունակ կապկպված պառկած էր մեկուսարանում։

Այնտեղ կար այնպիսի մեկը, որ գոռում էր, թե ինքը արքեպիսկոպոս է, և ոչինչ չէր անում, միայն խժռում էր, և, կներեք, մի այնպիսի բան անում, որ հանգավորվում է «խժռել» բառի հետ, քանզի այնտեղ ոչ ոք չէր ամաչում այդ բանն անելուց։ Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանար։ Այնտեղ նույնիսկ մի հղի պարոն կար, որը յուրաքանչյուրին կնունքի էր հրավիրում։ Այնտեղ կային շատ շախմատիստներ ու քաղաքագետներ, ձկնորսներ ու սկաուտներ, նամականիշներ հավաքողներ ու սիրող լուսանկարիչներ: Մեկն այնտեղ ընկել էր ինչ-որ հին պուտուկների պատճառով, որոնց նա աճյունասափոր էր անվանում։

Մի ուրիշին շարունակ պահում էին զսպաշապկի մեջ, որպեսզի չկարողանար հաշվել, թե աշխարհի վերջն երբ է գալու։ Այնտեղ ես մտերմացել էի մի քանի պրոֆեսորների հետ։ Նրանցից մեկը շարունակ կրնկակոխ քայլում էր իմ հետևից ու բացատրում, թե գնչուների օրրանը գտնվելիս է եղել Կրկոնիշիում, իսկ մի ուրիշն ապացուցում էր, թե երկրագնդի ներսում մի ուրիշ գունդ կա, որը զգալիորեն մեծ է դրսի գնդից:

Այնտեղ յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում։ Մի անգամ այնտեղ սկսեցին հեքիաթ պատմել, հետո իրար մի լավ դնքստեցին, երբ մի ոմն իշխանուհու բանը վատ վերջացավ։ Ամենից կատաղին այն պարոնն էր, որն իրեն համարում էր Օտտոյի գիտական բառարանի 16֊րդ հատոր և յուրաքանչյուրին խնդրում էր, որ իրեն բացի ու գտնի «Կազմարարական բիզ» բառը, թե չէ ինքը կորած է։ Նա չէր հանգստանում, մինչև որ զսպաշապիկ չհագցրին։ Այն ժամանակ էլ սկսեց պարծենալ, թե կազմ է ձեռք բերել, և խնդրում էր, որ եզրերը մոդայիկ ձևով հատեն։ Մի խոսքով, մարդ այնտեղ ապրում էր ինչպես դրախտում։

Դուք այնտեղ կարող եք ձեր քեֆին գոռալ, մռնչալ, երգել, լաց լինել, մկկալ, ծղրտալ, թռչկոտալ, աղոթել, գլխկոնձի տալ, չորեքթաթ անել, մի ոտքով ոստոստել, շրջանց վազել, պարել, քառատրոփ սուրալ, պպզել, կամ մագլցել պատն ի վեր, և ոչ ոք ձեզ չի մոտենա և չի ասի. «Լսեցե՛ք, այդպիսի բան չի կարելի անել, դա անվայել է, ամոթ է, չէ՞ որ դուք կուլտուրական մարդ եք»։ Բայց, ճիշտն ասած, այնտեղ միայն խաղաղ գժեր կային։ Օրինակ, այնտեղ նստած էր մի գյուտարար գիտնական, որը շարունակ քիթը քչփորում էր և միայն օրը մի անգամ բացականչում. «Ես հենց նոր հայտնագործեցի էլեկտրականությունը»։ Կրկնում եմ, այնտեղ շատ լավ էր, և այն մի քանի օրը, որ անցկացրի գժանոցում, կյանքիս ամենալավ օրերն էին։

***

Պատերազմ գնալու ցանկություն չունեցողների վերջին ապաստանը կայազորի բանտն էր։ Ես ինքս ճանաչում էի մի արտահաստիքային դասատուի, որը, որպես մաթեմատիկոս, պետք է ծառայեր հրետանում, բայց չցանկանալով թնդանոթից արկեր թռցնել, մի պոդպորուչիկից «թռցրել» էր նրա ժամացույցը միայն ու միայն կայազորի բանտն ընկնելու համար։ Նա այդ բանն արել էր միանգամայն գիտակցաբար։ Պատերազմը նրան չէր գրավում ու չէր հրապուրում։ Նա հիմարություն էր համարում կրակել թշնամու վրա և ռազմաճակատի մյուս կողմում շրապնելով ու նռնակներով սպանել իր նման դժբախտների՝ մաթեմատիկայի արտահաստիքային դասատուների։

Յարոսլավ Հաշեկի տուն-թանգարանը Չեխիայում
Յարոսլավ Հաշեկի տուն-թանգարանը Չեխիայում

«Ես չեմ ուզում, որ ինձ ատեն բռնության համար»,– ասել էր նա ինքն իրեն և հանգիստ խղճով գողացել ժամացույցը։ Սկզբում քննել էին նրա հոգեկան վիճակը, և միայն այն ժամանակ, երբ նա ասել էր, թե ժամացույցը գողացել է հարստանալու նպատակով, ուղարկել էին կայազորի բանտը։

Կայազորի բանտում շատերը նստած էին գողության կամ խարդախության համար։ Այնտեղ նստած էին իդեալիստներ և ոչ իդեալիստներ, այնպիսի մարդիկ, որ զինվորական ծառայությունն անձնական եկամուտների աղբյուր էին համարում, այն է՝ ինտենդանտության թիկունքային ու ռազմաճակատային այլևայլ հաշվապահներ, որոնք ամեն տեսակի օյիններ էին խաղացել զինվորների պարենի և ռոճիկի գլխին, ապա մանր գողեր, որոնք հազար անգամ ավելի ազնիվ էին, քան այն խարդախները, որ նրանց ուղարկել էին այդտեղ։

Բացի դրանից, կայազորի բանտում նստած էին նաև շարքային զինվորներ՝ զուտ զինվորական բնույթի հանցանքների համար, որպիսիք են կարգապահության խախտումը, խռովություն առաջացնելու փորձերը, դասալքությունը։ Մի առանձին խումբ էին կազմում քաղաքական կալանավորները, որոնց ութսուն տոկոսը միանգամայն անմեղ էր։ Այդ անմեղների իննսունինը տոկոսը դատապարտված էր։

Ռազմա-իրավաբանական ապարատը հոյակապ էր։ Այդպիսի դատական ապարատ ունի քաղաքական, տնտեսական ու բարոյական ընդհանուր փլուզման առաջ կանգնած ամեն մի պետություն։ Երբեմնի հզորության և փառքի լուսապսակը պահպանում էին դատարանները, ոստիկանությունը, ժանդարմերիան և մատնիչների ծախու ոհմակը։

Յուրաքանչյուր զորամասում Ավստրիան լրտեսներ ուներ, որոնք մատնում էին իրենց ընկերներին, որոնց հետ միասին քնում էին միևնույն նարերի վրա և որոնց հետ արշավանքների ժամանակ կիսում էին իրենց մի կտոր հացը։

Կայազորի բանտին թարմ նյութ էր մատակարարում նաև քաղաքացիական ոստիկանությունը՝ պարոնայք Կլիման, Սլավիչեկը և ընկերությունը։

Զինվորական գրաքննությունը այստեղ էր ուղարկում տանը հուսահատական վիճակում մնացածների և ռազմաճակատի միջև տեղի ունեցող նամակագրությունների հեղինակներին։ Ժանդարմներն այստեղ բերում էին ծեր, անաշխատունակ գյուղացիների, որոնք նամակներ էին ուղարկել ռազմաճակատ, իսկ զինվորական դատարանը նրանց դատապարտում էր տասներկու տարվա բանտարկության՝ իրենց մխիթարիչ խոսքերի և տանը թագավորող աղքատությունը նկարագրած լինելու համար։

***

Մարդկանց այն աշխարհն ուղարկելու նախապատրաստությունները միշտ կատարվել են հանուն աստծո և կամ հանուն մի այլ բարձր էակի, որ ստեղծել է մարդկային երևակայությունը։

Հին փյունիկացիները գերու վիզը կտրելուց առաջ հանդիսավոր ժամասացություն էին կատարում, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մի քանի հազարամյակ անց այդ բանն անում էին նոր սերունդները, երբ գնում էին պատերազմ՝ հակառակորդին հրով ու սրով ոչնչացնելու։

Գվինեայի կղզիների և Պոլինեզիայի մարդակերները գերիներին ու բոլորովին անպետք մարդկանց, այն է՝ միսիոներներին, ճանապարհորդներին, զանազան ֆիրմաների առևտրական գործակալներին և պարզապես հետաքրքրասերներին հանդիսավորապես ուտելուց առաջ զոհեր են մատուցում իրենց աստվածներին, միաժամանակ կատարելով բազմատեսակ կրոնական ծեսեր։ Բայց քանի որ նրանց մեջ դեռ չի թափանցել եկեղեցական զգեստավորման կուլտուրան, ապա նրանք հանդիսավոր արարողությունների ժամանակ իրենց հետույքները զարդարում են անտառային թռչունների վառվռուն փետուրներից հյուսած պսակներով։

Սուրբ ինկվիզիցիան իր տարաբախտ զոհին այրելուց առաջ հանդիսավոր ժամերգություն, մեծ պատարագ էր կատարում երգասացությամբ։

Հանցագործի մահապատժին միշտ մասնակցում է քահանան, իր ներկայությամբ ճնշելով դատապարտյալին։

Պրուսիայում պաստորը դժբախտ մեղադրյալին տանում, կանգնեցնում էր կացնի տակ, Ավստրիայում կաթոլիկ քահանան նրան մոտեցնում էր կախաղանին, Ֆրանսիայում՝ գիլյոտինին, Ամերիկայում՝ էլեկտրական աթոռին, Իսպանիայում՝ խեղդամահ անելու դժվարըմբռնելի հարմարանքով օժտված բազկաթոռին, իսկ Ռուսաստանում մահապատժի տարվող հեղափոխականներին ուղեկցում էր մորուքավոր տերտերը և այլն։ Ընդ որում հոգևորականները դատապարտյալի քիթն էին խոթում խաչելությունը, կարծես ցանկանալով ասել. «Ամենաշատը գլուխդ կկտրեն, կամ միայն կկախեն, խեղդամահ կանեն, կամ քո միջով բաց կթողնեն տասնհինգ հազար վոլտ, բայց դա միանգամայն դատարկ բան է նրա կրած տառապանքների համեմատությամբ»։