Ներկայացնում ենք բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ Վահագն Դավթյանի (15.08.1922-21.02.1996) ստեղծագործություններից։
***
Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:
Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի
Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
Ու չէր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:
Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
Ուխտավորի սիրով ու սրբությամբ:
Ուրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
… Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
Ու անձրևն էր լալիս մեղմ ու տխուր..
***
Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից:
Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում:
Եւ թվում էր ինձ,
Ձայներ եմ լսում ես ինչ-որ տեղից,
Որ աղերսում են արեւի գինի, մուրում սեր ու հաց…
Ես գնում էի
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից,
Բայց վերադառնում ունայն ու հոգնած:
Լո՛ւյս առավոտի,
Դու որ նման ես երաժշտության,
Եկ ու փարատիր այս տագնապը խուլ,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու դիր ճակատիս
Բարակ մատներիդ հրաշքը տխուր:
Գիտե՛ս դու,
Գիշերն իմ այս տարիքում ցավ է ու կասկած,
Եկ, արտույտի պես ինձ վրա թեւիր,
Դիր ափերիս մեջ հավատն իբրեւ հաց,
Ու գնանք նորից
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից…
***
…Եվ այսքան հրաշք տեսնելուց հետո,
Ինձ համար դարձյալ հրաշքը վերին
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Այն վաղնջական երանությունն է…
Դարձյալ ու դարձյալ
Այն վայրկյանն է սուրբ,
Երբ աչքերի մեջ բաղձալի կնոջ
Վարանումները մարմրում անզոր,
Դառնում են անմեղ -մեղավոր խոստում:
Եվ դա էլ դարձյալ,
Դա էլ երևի
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Նույն վաղնջական երանությունն է…
***
Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար, և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:
Երբ ես հեռանամ, կտանեմ ինձ հետ միայն ցավն իմ կույր,
Եվ տենդն այս վայրի, որից անընդհատ շուրթերս են ճաքել,
Իսկ մնացյալը, որ խիղճ է արդար ու սիրտ է մաքուր,
Կուզեի այնպես ես ձեզ կտակել:
Կտակել դողն այն, որով պատանու մատներն են դողում,
Երբ նա ուզում է աղջկա կրծքի կոճակը քանդել,
Հրեղեն շողն այն, որ թրթռում է մի կաթիլ ցողում
Եվ այդ կաթիլը դարձնում կանթեղ:
Եվ այն սուրբ ձյունը, որ անհայտության հեռու ոլորտից
Մանուշակների հրաշքն ու հասկի ոսկին է բերում,
Եվ այն հնչյունը, որ ծնվում ինչ-որ հեռու կարոտից
Ու հավքի փոխված ճախրում վերևում:
Եվ բարդիները՝ կանաչ հավատի ցոլցլուն մոմեր,
Եվ գետակները, որ ցող են ցանում մանկանց ոտքերին,
Մասրենիները, որ բոցերն իրենց երկնքին ձոնել,
Շիկնանք են տալիս առավոտներին:
Եվ քարափները, որոնց կապուտակ քարանձավներում
Բնակեցրել են իմ երազների կախարդ մոգերին,
Եվ խաչքարերը, որ ասես լուսե խիղճ են ու ներում
Ու միշտ խոսել են ինձ հետ ոգևին…
Եվ իմ տունը հին, իմ տունը խլված…
Երբ արդարության
Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ, ախ, եղեք բարի,
Գնացեք, գտեք մամռած թախիծը դարավոր այդ տան
Ու սիրտս դրեք սեմի սուրբ քարին…
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։