Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…
***
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր —
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի′նձ եմ երգում, կյանքս մենավոր: — —
Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …
***
Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո′ւ:
Միայն դո′ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե′զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…
Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է (մարտի 13, 1897— նոյեմբերի 27, 1937)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։