ԳլխավորԼուր

Վահրամ Դումանյան․ «Իմ հույսն ու երազանքն էլ այն են, որ տնկածս շիվերը մեծանան հզոր հայրենիքում»

Ապրիլի 25-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, տեղակալներն ու շուրջ 90 աշխատակիցներ մասնակցեցին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին:

Վահրամ Դումանյանը կարևորեց բնության վերականգնումն ու ծառատունկը խորհրդանշական համարեց: Նրա համոզմամբ՝ բնության հետ աշխատելը, բնությունը փայփայելը, բնությունը գնահատելը, պահպանելը չափազանց կարևոր են․ «Մեծ հաշվով մարդը բնությունից միայն վերցնում է․ դա ճիշտ չէ, պետք է նաև վերադարձնել: Այս ծառատունկը ես խորհրդանշական եմ համարում. ամեն ծառի հետ տնկողը կապում է որոշակի մտքեր, հույսեր ու երազում է, որ իր տնկած շիվը հզորանա, մեծանա: Իմ հույսն ու երազանքն էլ այն են, որ տնկածս շիվերը մեծանան հզոր հայրենիքում: Սա նաև փոխաբերական իմաստ ունի: Յուրաքանչյուր գործ, որ անում ես, ևս «ծառ տնկել է»: Ամեն մեկն իր ոլորտում, իր գործունեության մեջ մասնագիտական առումով փորձում է «ծառ տնկել» ու նույն կերպ ակնկալում է, որ այդ «ծառի»՝ այդ որոշման հետագա արդյունքը կհզորացնի մեր երկիրը»։

Որպես ծառատունկի վայր ընտրված էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքին հարող տարածքը: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները 500-ից ավելի շիվեր տնկեցին: «Տնկել ենք հիմնականում եղևնիներ, հացենիներ և կեչիներ»,- տեղեկացրեց ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը:

Ծառատունկն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Comment here