ԳլխավորԼուր

ԱԺ-ն հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան

Ազգային ժողովը միաձայն հավանության է արժանացրել կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ ստորագրված փաստաթղթի վավերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանման, բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար թափանցիկ և համապարփակ միջոցների ապահովման քաղաքականությամբ:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այս կոնվենցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաջին գլոբալ կոնվենցիան է, սակայն Հայաստանը նախկինում արդեն իսկ միացել է մի շարք տարածաշրջանային կոնվենցիաների (այդ թվում՝ Փարիզի (1979 թ.), Բանգկոկի (1983 թ.) և Լիսաբոնի (1997 թ.)): «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան՝ որպես բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին համաշխարհային կոնվենցիա, գալիս է՝ լրացնելու և ամրապնդելու տարածաշրջանային կոնվենցիաների միջև կապը:

Նշենք, որ կոնվենցիայով ՀՀ-ն պարտավորվում է ստեղծել թափանցիկ համակարգեր մեր երկրի տարածքում ձեռք բերած որակավորումների և ուսուցման արդյունքների ամբողջական նկարագրության համար, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություն կամ այդ հաստատության կոնկրետ ծրագրով ընդունելության ընթացակարգերը մշակել այնպես, որ օտարերկրյա որակավորումների գնահատումն իրականացվի թափանցիկության, արդարացիության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա:

Կոնվենցիան այս պահի դրությամբ վավերացրել է 5 երկիր` Նիկարագուան, Նորվեգիան, Էստոնիան, Ֆրանսիան և Ռումինիան:

Comment here