ԳլխավորԼուր

Կայացավ Ռաֆայել Քոթանջյանի «Բենեֆիս» համերգային ներկայացումը

Մարտի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի «Բենեֆիս» համերգային ներկայացումը: Տևական դադարից հետո արտիստը և նրա որդին՝ Մայքլ  Քոթանջյանը, կրկին բեմում էին, այս անգամ պարային համույթով տաղանդավոր ընտանիքին էր միացել նաև Ռաֆայել Քոթանջյանի թոռնուհին՝ Լիկա Քոթանջյանը:

«Ինձ մոտ այնքան շատ են պատմությունները և դերերը, որ, պարբերաբար, թարմացնում եմ «Բենեֆիսը»: Այս անգամն էլ բացառիկ է այն առումով, որ հետաքրքիր անակնկալ է պատրաստել թոռնուհիս,-ասաց Ռաֆայել Քոթանջյանը:

Արտիստը նշեց, որ դադարները, բեմում չլինելը դժվարությամբ է տանում. «Սա մի սարսափելի դադար էր, որը յուրաքանչյուր արտիստի համար անտանելի է։ Աստված  տա՝ էլ երբեք չլինեն այսպիսի դադարներ, և մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին։ Ուրախ եմ, որ հիմա հնարավորություն ունենք կրկին խաղալու»,-ասաց նա:

Մայքլ Քոթանջյանն էլ նշեց, որ համերգային ներկայացմանն ինքը նույնպես ամեն անգամ նորությամբ և անակնկալներով է միանում:

«Ինձ մոտ ավելանում են նոր երգեր և տեսահոլովակներ, որոնք ընդգրկում եմ ներկայացման մեջ: Մեզ համար ամենակարևորը հանդիսատեսին դրական լիցքեր և էմոցիաներ փոխանցելն է»,-ասաց նա:

Նշենք, որ համերգը կայացել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

 

Comment here